Տնտեսագիտական համալսարանում ներդրվել է նորաստեղծ ընտանիքների և մայրության աջակցման աննախադեպ կարգ. Ռեկտոր Կորյուն Աթոյանը մեկնաբանում է նախաձեռնությունը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ներդրվել է նորաստեղծ ընտանիքների և մայրության աջակցման աննախադեպ կարգ՝ երեխաների ծնունդին և նորաստեղծ ընտանիքներին նյութապես աջակցելու և խրախուսելու նպատակով: Կարգը միաձայն հաստատվել է նոյեմբերի 10-ին կայացած գիտական խորհրդի նիստում:
Համալսարանի աշխատակիցների և ուսանողների սոցիալական խնդիրները բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում են և այս ընթացքում ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի նախաձեռնությամբ բազմաթիվ հետաքրքրիր և օգտակար նախաձեռնություններ են կյանքի կոչվել: Հիշեցնենք, որ ուսանողներին ուղղված նման նախաձեռնություններից է սոցիալական փաթեթի ներդնումը, որը ներառում է հատուկ կրթաթոշակ-զեղչ լավ սովորող սոցիալապես անապահով ուսանողների համար, «Տնտեսագետ» ուսանողի տան գործարկումը, որը լուծեց մարզաբնակ ուսանողների կեցության խնդիրը: Այս օրերին փոխվել է նաև անվանական կրթաթոշակների չափը՝ 10-ից դառնալով 20.000 դրամ: Արդեն մի քանի տարի բուհը մասնակի փոխհատուցում է համալսարանի աշխատակիցների առողջության ապահովագրությունը, տարեկան 2 անգամ կոլեկտիվին տրվում են հավելավճարներ: «Տնտեսագետ» մարզաառողջարանում մատչելի պայմաններով տարեկան իրենց հանգիստն են անցկացնում բուհի շուրջ 500 աշխատակիցներ և ուսանողներ: Ի դեպ, այս թվում ՀՊՏՀ շուրջ 100 ուսանողների և Արցախի պետական համալսարանի 20 ուսանողների ու դասախոսների հանգիստը կազմակերպվում է լրիվ անվճար:
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նորաստեղծ ընտանիքների աջակցման և երիտասարդ ծնողների խրախուսման կարգը» նորություն է համալսարանի պատմության մեջ և խիստ պահանջված մեր օրերում: Կարգը սահմանում է 100-250 հազար դրամ միանվագ նյութական խրախուսում՝ թե համալսարանի աշխատակիցների կողմից նոր ընտանիք կազմելու, թե երեխայի ծնունդի դեպքում: Նոր կարգը, որին անդրադարձել էինք օրերս, բավական հետաքրքրություն է առաջացրել համալսարանի աշխատակիցների շրջանում, ուստի որոշեցինք թեմայի շուրջ զրուցել համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ.
-Հարգելի պարոն Աթոյան, ՀՊՏՀ-ում ներդրվել է նորաստեղծ ընտանիքների աջակցման և երեխաների ծննդյան խրախուսման կարգ, կբացեք փակագծերը, ո՞րն է նպատակը:
-Համալսարանի ուսանողների և աշխատակիցների սոցիալական խնդիրները միշտ իմ ուշադրության կենտրոնում են և գրեթե ամեն տարի մենք ներդրել ենք տարբեր կարգեր, մտածել ենք ճկուն մեխանիզմներ, որոնք օգտակար են մեր ուսանողների և աշխատակիցների համար: Այս կարգը ներդնելու նպատակը ևս հստակ է՝ նյութական աջակցություն տրամադրել ՀՊՏՀ աշխատակիցներին, որոնք նոր են ընտանիք կազմել և որոնք երեխա են ունեցել:
Ցանկանում եմ շեշտել, որ մեր նախաձեռնությունները համալսարանի բյուջեի հնարավորության սահմաններում են և ֆինանսական միջոցների ավելացման դեպքում կավելանա նաև խրախուսումների չափը: Կարծում եմ, որ մեր այս համեստ ներդրումը բացի օգտակարությունից նաև հաճելի կլինի մեր մեծ կոլեկտիվի համար:
-Ձեր գործունեության անբաժանելի մասն է թե՛ ուսանողների, թե՛ աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված մեխանիզմների ներդնումը, այդ շարքում են ուսանողներին բուհի կողմից տրվող նպաստներն ու կրթաթոշակները, հանգստի և կենցաղի կազմակերպումը, առողջության ապահովագրությունը, աշխատակազմի պարգևատրումները: Այս քայլը և՞ս պետք է դիտարկել սոցիալական քաղաքականության բաղկացուցիչ:
-Այո, սա ևս համալսարանի ղեկավարության կողմից տարվող սոցիալական քաղաքականության շարքից է:
Լավ սովորող ուսանողներին խրախուսելու համար որոշակի քայլեր արվել են և արվում են: Հիմա օրինակ իմ սեղանին է դրված մեր այն ուսանողների ցանկը, որոնք ուսման բարձր առաջադիմության շնորհիվ տարբեր կառույցներից ու կազմակերպություններից նյութական աջակցություն են ստանում: Այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ ենք իրականացրել նաև մենք: Աշխատակիցների համար ևս ներդրել ենք որոշակի մեխանիզմներ, և սա շարունակական գործընթաց է: Որպես նյութական խրախուսման ձև՝ ևս հիմա մտածում եմ նաև համալսարանի լավագույն աշխատակիցների (պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ, վարչական աշխատակազմեր)խրախուսմանն ուղղված համակարգի ներդրման մասին, պարզապես այժմ փնտրում ենք կիրառման մեխանիզմը: Լավ գաղափարներ շատ ունեմ, բայց կարևորն այն է, որ ներդրվող կարգերը լինեն հնարավորինս անխոցելի, ընձեռեն չափելիության ու համադրելիության հնարավորություններ:
-Այս տարի փոխվել է նաև անվանական կրթաթոշակների չափը. այս հարցը ևս վերանայել եք:
-Այս որոշման հիմքում ևս լավ սովորող ուսանողներին խրախուսելու գաղափարն է: Առհասարակ, լավ սովորող սոցիալապես անապահով ուսանողներին աջակցելը ինձ համար առաջնահերթություն է և ուսանողներին ուղղված իմ բոլոր նախաձեռնությունները հյուսվում են այս կարևոր իրողության շուրջ: Հուսով եմ, թե մեր ուսանողները, թե աշխատակիցները գոհունակությամբ են ընդունում մեր քայլերը, որոնք, վստահեցնում եմ, տարեցտարի ավելի կբարելավվեն և ավելի համահունչ կդառնան առկա պահանջներին և տրամադրություններին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին