Եզրափակվեց ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովը
«Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» խորագրով ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովի հագեցած ու բովանդակային եռօրյան այսօր իր ավարտը նշանավորեց կլոր սեղան քննարկմամբ և ամփոփիչ լիագումար նիստով:
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը կլոր սեղան ձևաչափում իր գործընկերներին՝ պրոռեկտորներին, ամբիոնի վարիչներին, դասախոսներին և ասպիրանտներին հրավիրեց քննարկելու գիտաժողովի խորագրից և բովանդակությունից բխող այնպիսի հիմնադրույթներ, ինչպիսիք են տնտեսական խթաններն ու ինստիտուցիոնալ պայմանակարգը, նորաստեղծական համակարգերն ու մշակույթը, ուսումնառությունը որպես գիտելիքի հասարակաության առանցքային արժեք, գիտելիքի մատչելիություն և այլն:
Մտքերի փոխանակությունից ու քննարկումից հետո գիտաժողովի մասնակիցները հրավիրվեցին ամփոփիչ լիագումար նիստի, որը վարում էր ՀՊՏՀ ռեկտոր տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:
«Կրթություն, գիտություն և նորաստեղծություն», «Ֆինանսներ և հարկային քաղաքականություն», «Տարածաշրջանային տնտեսագիտություն», «Զարգացման փիլիսոփայական և մշակութային հիմնախնդիրներ», «Զարգացման ընդհանուր հիմնախնդիրներ» բաժանմունքների համակարգողներ կառավարման ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Սուվարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, ֆինանսների ամբիոնի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը, փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, փ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սարգսյանը, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Թաթուլ Մկրտչյանը հաշվետվություն ներկայացրեցին՝ անդրադառնալով բաժանմունքների եռօրյա աշխատանքներին: Նրանք մասնավորապես կանգ առան ներկայացված և ընթերցված զեկուցումների համամասնության վրա, խոսեցին ուշագրավ զեկուցումների մասին:
Նիստը եզրափակեց Կորյուն Աթոյանը՝ նշելով, որ գիտաժողովը արդյունավետ էր, անցավ կազմակերպված, կային նաև թերացումներ, ինչն անխուսափելի է նման մեծամասշտաբ միջոցառման համար:
«Բոլորիս միանշանակ պարզ է, որ համալսարանները առանց գիտաժողովների, հետազոտական աշխատանքի և գիտության, ուղղակի ապագա ունենալ չեն կարող: Եվ այստեղ մենք պետք է համախմբենք մեր ուժերը՝ լուրջ հետազոտական կենտրոն դառնալու ճանապարհին: Երբ խոսում ենք կրթության որակից, առաջին հերթին պետք է ամրապնդենք համալսարանի հետազոտական ուղղությունը, գիտությունը, որն անհրաժեշտ է և' դասախոսին, և' ուսանողին: Ուշադրություն դարձրեք ՀՀ վարչապետի այն խոսքին, որ ինքը մեծ հույսեր է կապում Տնտեսագիտական համալսարանի հետ՝ որպես փորձագիտական կենտրոն կառավարությանը ծառայելու տեսանկյունից: Բացի հետազոտություններից, առանձին հոդվածներից, գիտաժողովներից, մենք պետք է կարողանանք տնտեսական երևույթներին արագ արձագանքել, իսկ դրա համար պետք է պատրաստ լինենք: Անելիքները բավականին շատ են, ուստի պետք է համախմբենք մեր ուժերը՝ բուհը գիտության, հետազոտության ուղղությամբ զարգացնելու համար»,-ասաց ռեկտորը՝ շնորհակալություն հայտնելով գիտաժողովի կազմակերպիչներին, աշխատանքներին մասնակցություն ունեցած բոլոր անձանց:
Կորյուն Աթոյանը հույս հայտնեց, որ առաջիկա գիտաժողովներում կընդգրկվեն նաև միջազգային փորձագետներ, արտասահմանցի հյուրեր:
Գիտաժողովի փակումը նշանավորվեց ՀՀ պետական օրհներգով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին