ՀՊՏՀ-ում էին ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողները. 36 շրջանավարտ արդեն ՀՊՏՀ ուսանող է

Դիտումների քանակ՝ 1667

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և քոլեջների ու դպրոցների համագործակցության շրջանակներում այսօր մեր բուհում հյուրընկալվել էին  Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջի  մի խումբ ուսանողներ՝ քոլեջի փոխտնօրեն Ռուբեն Առաքելյանի ուղեկցությամբ:

Հյուրերին ընդունեցին ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը, ով նաև ՀՊՏՀ-ի և քոլեջների ու դպրոցների հետ համագործակցությունը համակարգողն է, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը, կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Մերի Բադալյանը, ֆինանսական ֆակուլտետի դասախոս Լուսինե Հարությունյանը, ուսանողական խորհրդի ներկայացուցիչներ:

Ներկաներին ողջունեց Լուսինե Կարագուլյանը, ապա խոսքը փոխանցեց Աշոտ Մաթևոսյանին: Դեկանը իր խոսքում նշեց՝ ողջունելի է, որ այս պահից սկսած քոլեջի սաներն ինտեգրվում են համալսարանական կյանքին, ծանոթանում են կրթական ծրագրերին և ուսանողական առօրյային:

«Բարեփոխումների համատեքստում Տնտեսագիտական համալսարանում մեծ ձեռքբերումներ ունենք՝ ինչպես կրթական համակարգում, այնպես էլ՝ բուհական միջավայրի արդիականացման տեսանկյունից: Մեր բուհում առկա է ժամանակակից գրադարան, մարզադահլիճ, հրաձգարան և այլն: Ուսանողական կյանքը հետաքրքիր է ոչ միայն բուհում, այլև բուհից դուրս. ուսանողների, մասնավորապես ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, արշավներ, էքսկուրսիաներ, այցելություններ»,-ասաց Աշոտ Մաթևոսյանը, այնուհետև խոսեց ուսանող-գործատու հարաբերությունների մասին՝ նշելով, որ   բուհի և գործատուների ամրապնդվող համագործակցության  արդյունքում շրջանավարտների զգալի մասն ապահովվում է  աշխատանքով: Ուսանողները դեկանին հարցեր ուղղեցին՝ հետաքրքրվելով  ՀՊՏՀ-ում գործող գնահատման կարգի, ֆակուլտետների և այլնի մասին:

Հաջորդիվ ելույթ ունեցավ Ռուբեն Առաքելյանը՝ գոհունակություն հայտնելով ՀՊՏՀ-ում ջերմ  ընդունելության, իրենց քոլեջի հետ համագործակցության համար: Փոխտնօրենը խոսեց ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողական խորհրդի գործունեության մասին, ապա նշեց, որ վիճակագրության համաձայն, իրենց  սաների մեծ մասը քոլեջն ավարտելուց հետո  դիմում է ՀՊՏՀ: Փոխտնօրենը նաև ասաց, որ քոլեջի 36 շրջանավարտ այժմ ՀՊՏՀ ուսանող է: Ելույթ ունեցավ Մերի Բադալյանը, ով վերջին երկու տարիներին  ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն էր, ապագա դիմորդներին  ներկայացրեց համալսարանի կառուցվածքը, ֆակուլտետները, ընդունելության գործընթացին առնչվող տեղեկություններ:

Ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Լուսինե Հարությունյանը, ով նույնպես ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի ներկայացուցիչ է, համակողմանիորեն անդրադարձավ ֆինանսական ֆակուլտետի մասնագիտություններին, ինչպես նաև ընդունելության հայտ լրացնելու, մասնագիտական ճիշտ կողմնորոշման հետ կապված մի շարք հարցերի:

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի  նախագահ Հովհաննես Հարությունյանը խոսեց բուհի ուսանողական կառույցի գործունեությունից, ուսանողական կյանքը հետաքրքիր դարձնող ժամանցային, կրթական, գիտական միջոցառումներից:

Հանդիպման երկրորդ մասում քոլեջի ուսանողները ՈւԽ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց կատարեցին  ֆակուլտետներով, ծանոթացան համալսարանական կյանքին:

Ինչպես տեղեկացրեց  Լուսինե Կարագուլյանը՝ առաջիկայում նախատեսվում է փոխադարձ այցելություն. ՀՊՏՀ ներկայացուցիչները կհյուրընկալվեն ֆինանսատնտեսագիտական քոլեջում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին