Համագործակցություն՝ մեր բուհի և Ամերիկյան համալսարանի միջև. բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնը կկատարի փորձագիտական եզրակացություն
Տնտեսագիտական համալսարանի բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը և նշված ամբիոնի մի խումբ դասախոսներ այսօր մեր բուհում ընդունել են Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ներկայացուցիչներ, ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնություն» (ՀՕԲՆ) ծրագրի ղեկավար Կարեն Ղազարյանին և ծրագրի իրավական վերլուծաբան, համակարգող Մերի Գալստյանին:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Գևորգյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի և ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
«Մասնավորապես, նշված կենտրոնը ցանկություն է հայտնել մեզ հետ համագործակցելու՝ հանքարդյունաբերության ոլորտին առնչվող առկա հետազոտությունը մեր կողմից փորձագիտական եզրակացության ենթարկելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում՝ Ամերիկյան համալսարանում, որի ընթացքում կհստակեցվեն համատեղ անելիքները»,-ասաց բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ղեկավարը:
Նշենք, որ քննարկման ընթացքում մեր դասախոսները հյուրերին ներկայացրել են ամբիոնի կողմից մշակվող «Բնապահպանություն և բնօգտագործում» բակալավրիական ծրագիրը, որը նախատեսվում է կիրառել 2016-2017 ուստարվանից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին