«Հայբիզնեսբանկի» կրթաթոշակի արժանացավ 3 ուսանող
Այսօր ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն իր առանձնասենյակում հյուրընկալեց «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահ Արսեն Միքայելյանին, վարչության նախագահի տեղակալ, ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Մանվել Սահակյանին, աշխատակազմի ղեկավար Մարի Ստեփանյանին, ովքեր եկել էին կրթաթոշակի հավաստագրեր հանձնելու բարձր առաջադիմությամբ ՀՊՏՀ 3 ուսանողների: Հանդիսավոր ու հաճելի արարողությանը ներկա էին ՀՊՏՀ պրոռեկտորներն ու դեկանները:
Ռեկտոր Կորյուն Աթոյանը «Հայբիզնեսբանկի» ղեկավար-ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնեց տարիներ առաջ հուշագրով ամրագրված և արդեն բազմաթիվ օգտակար ու փոխշահավետ նախաձեռնություններ արձանագրած համագործակցության համար: «Շնորհակալություն, մեր շահերը փոխադարձ են, և եթե նման համագործացության օրինակներ չլինեն, մենք չենք հասկանա՝ ինչ է որակյալ կրթությունը, որովհետև դուք եք մեր աշխատանքը գնահատողը», - ասաց համալսարանի ղեկավարը՝ ընդգծելով, որ անչափ կարևորում է գործատուի հետ համագործակցությունը նաև առարկայական ծրագրեր կազմելիս և ավարտական աշխատանքների թեմաները հաստատելիս:
Բանկի վարչության նախագահ Արսեն Միքայելյանն իր խոսքում նշեց, որ իրենց համար՝ որպես գործատուի, կարևոր է տեսական խոր ու համակողմանի գիտելիքներով զինված կադրը: «Ուրախալի է, որ հենց թեորիան է ձեզ մոտ բարձր հիմքերի վրա: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ավարտած ցանկացած ուսանողի ես համարում եմ իմ կոլեգան», - ասաց վարչության նախագահը և պատրաստակամություն հայտնեց աջակցել մեր ուսանողներին նաև գործնական հետազոտություններ կատարելու, ապագայում աշխատանքով ապահովելու գործում:
Այսպես՝ կրթաթոշակի հավաստագրեր (բանկային փաթեթ, որը ներառում է պլաստիկ քարտ, զեղչային քարտեր) ստացան ֆինանսական ֆակուլտետից Կարինե Հովսեփյանը (3-րդ կուրս), հաշվապահական հաշվառման ֆակուլտետից՝ Մարիամ Հակոբջանյանը (2-րդ կուրս), ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետից՝ Աշխեն Նիկոյանը (4-րդ կուրս):
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում աշխատակազմի ղեկավար Մարի Ստեփանյանը նշեց, որ մեր համալսարանի լավագույն ուսանողները մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են, և իրենք պատրաստ են հնարավորինս աջակցել նրանց:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին