ՀՊՏՀ-ն՝ միջբուհական աշխատանքի տոնավաճառի մասնակից

Դիտումների քանակ՝ 1073

Երեկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կայացել է «Բուհից աշխատաշուկա՝ 1 քայլ»  խորագրով աշխատանքի միջբուհական տոնավաճառը, որին մասնակցել են նաև մեր բուհի ուսանողներ:

ՀՊՏՀ-ից տոնավաճառին ներկա է եղել կարիերայի և մարքեթինգի կենտրոնի պետի ժ/պ Էռնեստ Դավթյանը: Նրա խոսքով՝ տոնավաճառը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ուսանողների շրջանում, շուրջ 150 գործատուներ իրենց տաղավարներում ուսանողներին և շրջանավարտներին էին ներկայացնում թափուր հաստիքներ, պրակտիկայի հնարավորություններ:

«Տոնավաճառի ընթացքում ես զրուցել եմ մի շարք գործատուների հետ՝ պարզելու համար, թե ինչ թափուր հաստիքներ են առաջարկվում, որ մասնագիռտություններն են պահանջարկ վայելում, ինչ պահանջներ ունի գործատուն և այլն: Նշեմ, որ մարքեթոլոգի, հաշվապահի, տուրիզմի մասնագետի   բավականաչափ թափուր հաստիքներ կան: Բացի մասնագիտական հմտություններից, գործատուն կարևորում է լեզուների իմացությունը: Ուսանողները գործատուներին էին փոխանցում իրենց ռեզյումեները, հետադարձ կապի և հարցազրույցի համար: Երեկ ներկայացվեց ընդհանուր առմամբ 150 թափուր հաստիք»,- ասաց ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի ղեկավարը:

Հիշեցնենք, որ 2014թ. հանրապետության ութ առաջատար բուհերի (Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան,  Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան)  ուսանողների կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների միջև կնքվել է  համագործակցության հուշագիր, ըստ որի, յուրաքանչյուր տարի հուշագիրը կնքած բուհերից մեկը կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ, որին ակտիվորեն մասնակցում են բուհերը, նրանց գործընկերները, գործատուները, շրջանավարտներն ու ուսանողները: Այս տարի վերոնշյալ բուհերին է միացել նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը:

Նշենք, որ ամենամյա միջբուհական աշխատանքի տոնավաճառն այս տարի կազմակերպվել էր ՀԱԱՀ 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Լուսանկարը՝ ՀԱԱՀ  ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին