Լիագումար 2-րդ նիստում. սահմանադրականությունն ու նորաստեղծությունը տնտեսական զարգացման համատեքստում

Դիտումների քանակ՝ 1055

ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովի 2-րդ լիագումար նիստը համակարգում էր ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր  Գագիկ Վարդանյանը: Հնչեց  երկու զեկուցում: «Երկրի սահմանադրականության սոցիալական և տնտեսական կողմերը» թեման ներկայացրեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, իսկ  ՀՊՏՀ պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը հանդես եկավ «Տնտեսական զարգացման հիմքերը. գիտելիք և նորաստեղծություններ» թեմայով:

Հայկ Սարգսյանն անդրադարձավ սահմանադրական տնտեսագիտության տեսական դրույթներին՝ ներկայացնելով  Ջեյմս Բյուքենենի, Տարոն Աճեմօղլու և այլ հեղինակների  տեսակետները: Բացատրելով սահմանադրականության էությունը՝ զեկուցողն այն բնորոշեց որպես զարգացման այնպիսի մակարդակ, որի դեպքում սահմանափակված է պետական իշխանության կամայականության հնարավորությունը, այն զսպվում է մարդու իրավունքներով և իշխանական թևերի բաժանման մեխանիզմով, պետական իշխանությունը գործում է՝ արդյունավետորեն ծառայելով քաղաքացիների բարեկեցության անընդհատ բարձրացման վերջնանպատակին,  հիմնական սահմանադրական արժեքներն ապրող իրողություններն են: Կատարելով սահմանադրականության գնահատում՝ բանախոսը  ցույց տվեց սահմանադրականության գնահատման կառուցվածքային պատկերը, երկրները դասակարգեց ըստ սահմանադրականության կայունության նվազման, ներկայացրեց  սահմանադրականության գնահատման տվյալների շտեմարաններ: Պրոֆեսորը վերլուծեց սահմանադրականության կատարման և տնտեսական աճի փոխկապվածությունը:

Զեկուցման ավարտից հետո հարցադրումներով հանդես եկան ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ  Սամվել Ավետիսյանը, Գրիգոր Կիրակոսյանը, Դիանա Գալոյանը և այլք:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանն իր եզրափակիչ խոսքում առանձնակի արժևորեց տնտեսագիտական մայր բուհի՝ ՀՊՏՀ-ի դերը տնտեսության զարգացմանն ուղղված գիտական մշակումների կատարման առումով և կոչ արեց սերտ համագործակցության:

Լիագումար նիստի երկրորդ զեկուցող, պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը   իր զեկուցմամբ նախ կանգ առավ տնտեսական աճի և տնտեսական զարգացման տարբերությունների վրա: Պրոֆեսորը  ցույց տվեց տեխնոլոգիական փոփոխության և տնտեսական զարգացման կապը, նյութական արտադրությունից դեպի գիտելիքի անցումը և այլն:

Բանախոսը գիտելիքահենք տնտեսության դարաշրջանում կարևորեց մարդկային կապիտալի դերը, մատնանշեց գիտելիքահենք տնտեսության տարբերակիչ առանձնահատկությունները: Նորաստեղծությունների նախաձեռնության տեսանկյունից ևս ընդգծվեց գիտելիքի դերը, որի ըմբռնումից էլ ծնվում է նորը:

Ելույթի ավարտից հետո Գագիկ Վարդանյանը պատասխանեց ունկնդիրների հարցերին:

Լիագումար նիստը եզրափակեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նշելով, որ հետաքրքիր քննարկում ծավալվեց:

«Ողջույնի խոսքում և' ես, և' վարչապետը կարևորեցինք այն, որ մենք պետք է համախմբենք տնտեսագիտական միտքը»,-ասաց ռեկտորը՝ կոչ անելով տնտեսագիտական հանրությանը՝ համախմբել ուժերը՝ ստեղծելու համար հավաքական կարծիք: Կորյուն Աթոյանը շեշտեց՝ քննադատական կարծիքներ միշտ էլ կան, բայց ուղղորդող,  ուղենշող որևէ տեսակետ կառավարությանը չի ներկայացվել, ուստի փորձ է արվում այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարել:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին