Միջբուհական գիտական համագործակցության խոստումնալից սկիզբ. սեմինար ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 2183

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գործունեությունը և վերլուծությունները, որոնք հրապարակվում են ՀՊՏՀ պաշտոնական կայքում,  նաև հայաստանյան բուհերի ուշադրության կենտրոնում են: Հրապարակումներին ծանոթանալուց հետո հայկական պետական մանկավարժական համալսարանի մի խումբ ուսանողներ և նրանց «Հայրենագիտություն և տուրիզմ» առարկայի դասախոս Վարդուհի Հովհաննիսյանը դիմել են «Ամբերդ» կենտրոնին՝ առաջարկելով իրենց համար «Զբոսաշրջության դերը ՀՀ տնտեսության մեջ» թեմայով սեմինար կազմակերպել: ՀՊՏՀ հետազոտողների  արձագանքը չի ուշացել՝ հանդիպումը տեղի ունեցավ այսօր: Մեր համալսարանում էին ՀՊՄՀ աշխարհագրության բաժնի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողները, դասախոս Վարդուհի Հովհաննիսյանը:

Հյուրերին ողջունեց  «Տնտեսագիտական  հետազոտություններ»  ծրագրի ավագ հետազոտող, ծրագրի  համակարգող, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը և հույս հայտնեց, որ սեմինարը կանցնի քննարկումների, հարցուպատասխանի մթնոլորտում: Նույն ծրագրի հետազոտող, տ.գ.թ. Գայանե Թովմասյանը ներկայացրեց «Զբոսաշրջության դերը ՀՀ տնտեսության մեջ. զարգացման հիմնահարցեր» զեկուցումը՝ վերլուծելով զբոսաշրջության ներկա վիճակը, սոցիալ-տնտեսական, մշակութային և բնապահպանական նշանակությունը, զբոսաշրջության և տնտեսության այլ ցուցանիշների միջև կոռելացիոն կապերը: 2-րդ բանախոսը «Կրթական գործընթացի և տեխնոլոգիաների  հետազոտություններ» ծրագրի կրտսեր հետազոտող Աստղիկ Հովհաննիսյանն էր, ում զեկուցումը վերաբերում էր զբոսաշրջության ոլորտի վիճակագրության հաշվառման գործընթացին:

Սեմինարի առաջին մասը տեղեկատվական էր, իսկ երկրորդ հատվածում «Ամբերդի» ներկայացուցիչներն ուսանողներին առաջադրեցին զբոսաշրջության մրցունակության բարձրացմանն ուղղված հարցեր՝ ծավալելով ակտիվ քննարկում և մտագրոհ:

Միջոցառումը միջբուհական գիտական համագործակցության նոր ու խոստումնալից սկիզբ էր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին