Դասաժամ՝ լսարանից դուրս. ՀՊՏՀ ուսանողները՝ Երևանի «Արարատ» գինու-կոնյակի-օղու կոմբինատում

Դիտումների քանակ՝ 1484

ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգային հաղորդակցություններ մասնագիտացման 2-րդ կուրսի մագիստրանտները մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին այցելել են Երևանի «Արարատ» գինու-կոնյակի-օղու  գործարան:

Ինչպես տեղեկացանք Լիլիթ Դադայանից, այցի ընթացքում ուսանողները ծանոթացել են 1877 թվականին հիմնադրված գործարանի ավելի քան հարյուրամյա պատմությանը, շրջել են գործարանի թանգարանով, որտեղ առանձնացված են Ն.Թաիրյանի, Ն.Շուստովի, Մ.Սեդրակյանի, Մ.Մուսինյանցի և Կ.Սիլչենկոյի անկյունները, ծանոթացել են այն բազմաթիվ մրցանակներին և հավաստագրերին, որոնց արժանացել է Երևանի «Արարատ» գինու-կոնյակի-օղու  կոմբինատը՝ ներկայացնելով իր արտադրանքը տեղական և արտասահմանյան բազմաթիվ ցուցահանդեսներում:

Ուսանողները եղել են նաև գործարանի  հնեցման արտադրամասերում, ծանոթացել հնեցման եղանակներին ու ժամկետներին: Շրջայցի ընթացքում նրանք ուշադիր զննել են գործարանի բոլոր անկյունները, տարիների
պատմություն ունեցող գինիների ու կոնյակների տակառներն ու շշերը, ծանոթացել դրանց վրա փակցված գրություններին և իրենց հարցերն ուղղել էքսկուրսավարին և մյուս մասնագետներին՝ ստանալով հետաքրքրող տեղեկատվությունը: Այցից  հետո ուսանողներն իրենց շնորհակալությունն են հայտնել շրջայցի կազմակերպիչներին՝ հոգատար մոտեցման համար՝ վստահեցնելով, որ ոչ ֆորմալ և լսարանից դուրս դասաժամերը միշտ հետաքրքիր են և ուսանելի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին