«ՀՀ արտահանման բազմազանեցման և աճի հնարավորությունները». սեմինար «Ամբերդում»

Դիտումների քանակ՝ 1602

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կոնֆերանսների դահլիճում այսօր պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին և ուսանողներին համախմբել էր «ՀՀ արտահանման բազմազանեցման և աճի հնարավորությունները» հետազոտական թեմայի շրջանակներում կազմակերպված սեմինարը: Նշենք, որ սույն թեմայով հետազոտություն կատարող խմբի ղեկավարն է տ.գ.դ., պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը:

Մասնակիցներին ողջունեց «Ամբերդ» կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը և խոսքը տրամադրեց զեկուցող, մագիստրանտ Լարիսա Բաղդասարյանին: Վերջինս հանդես եկավ «Արտահանման խթանման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման փոխկապակցվածությունը» զեկուցմամբ և անդրադարձ կատարեց փակ սահմանների առաջացրած հիմնական խոչընդոտներին (տրանսպորտային ծախսերի զգալի աճ, միջազգային  և տարանցիկ հնարավորությունների սահմանափակում և այլն), ապա ըստ գլոբալ մրցունակության զեկույցների (2006-2015 թթ.) ներկայացրեց ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքների համաթվերը: Շարունակելով թեման՝ տ.գ.դ., դոցենտ Դիանա Գալոյանը գծապատկերով ներկայացրեց ըստ առանձին տրանսպորատյին միջոցների ՀՀ արտահանման ծավալները (2010-2015թթ.): Այնուհետև դոկտորը կանգ առավ ըստ խոշոր ապրանքախմբերի ՀՀ արտահանման դինամիկայի վրա (2000-2014թթ.)՝ առանձնացնելով 6 ապրանքախումբ:

Հայաստանի արտահանման ծավալները վերլուծվեց ծովային ելք չունենալու պարագայում, ինչը, ինչպես նկատեց, Դիանա Գալոյանը, որոշակիորեն նվազեցնում է հայկական ապրանքների մրցունակությունը: Անդրադարձ կատարվեց ավտոբեռնափոխադրումների ծավալի, ավտոտրանսպորտային բեռնափոխադրումների սակագնի և դրամ-ռուբլի փոխարժեքի ազդեցությանը ՀՀ արտահանման ծավալների համաթվի վրա:

Թեմայի շրջանակներում բանախոսն առաջարկություններ կատարեց: Զեկուցման ավարտին նա նշեց, որ կատարվել են ուսումնասիրություններ, վերհանվել են ոլորտի, մասնավորապես՝ Հայաստանից արտահանման խնդիրները: Յուրաքանչյուր հիմնախնդրի վերլուծությունից հետո առաջարկվեց համապատասխան լուծում:

Վերջին բանախոսը տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանն էր, ով հանդես եկավ «ՀՀ տնտեսության առանձին ճյուղերի արտահանման աճի և բազմազանեցման հնարավորությունները» զեկուցմամբ: Նա ներկայացրեց ՀՀ մաքսային ծառայության տվյալները՝ Հայաստանի արտաքին առևտրի ապրանքային կառուցվածքի վերաբերյալ, ապա ՀՀ արտահանման ծավալը և կառուցվածքը, ՀՀ-ից արտահանման մեծ ծավալ ունեցող առաջին տասը երկրները և այլն: Պրոֆեսորն առաջարկեց արտահանման խթանման անհրաժեշտ միջոցառումներ:

«Ամբերդի» աշխատակից Սուրեն Բաբաջանյանը, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը հանդես եկան հարցադրումներով և դիտարկումներով: Մասնակիցները քննարկեցին զեկուցումները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին