«Զարգացած և զարգացող երկրների տեղն ու դերը համաշխարհային տնտեսությունում». բաց դաս՝ 4-րդ կուրսում

Դիտումների քանակ՝ 2149

Կառավարման ֆակուլտետի զբոսաշրջության կառավարում մասնագիտության 4-րդ կուրսում այսօր յուրատեսակ բաց դաս էր՝ «Զարգացած և զարգացող երկրների տեղն ու դերը համաշխարհային տնտեսությունում» թեմայով: Դասը «Միջազգային տնտեսական հարաբերություններ» առարկայից էր: Ուսանողներին ողջունելու էր եկել ՀՊՏՀ հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի վարիչ Նելլի Շահնազարյանը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում դասախոս Լուսինե Աղաջանյանը նշեց, որ բաց դասի նպատակն էր առավելագույնս ամփոփ ներկայացնել զարգացող և զարգացած երկրների տնտեսական  ցուցանիշները, ցույց տալ դրանց դերն ու նշանակությունը  աշխարհի տնտեսության մեջ: Դասախոսը կարևորեց նմանօրինակ դասերի անցկացումը:

«Ուսանողները այս դասին պատրաստվել են մեծ հաճույքով, շուրջ մեկուկես ամիս: Դասը յուրօրինակ է նրանով, որ ոչ միայն ներկայացնում է մի շարք երկրների տնտեսական ցուցանիշները, այլև անդրադառնում է նրանց մշակույթին, խոհանոցին և այլն»,-ասաց Լուսինե Աղաջանյանը:

Ուսանողները ներկայացրեցին Իտալիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի և այլ երկրների տնտեսական ցուցանիշները՝ անդրադառնալով  գործազրկության մակարդակին, արտահանման ծավալներին, արդյունաբերությանը և այլն:

Դասն ուսանողների համար ճանաչողական էր. ներկայացված էին  տարբեր երկրների անվանի մարդիկ՝ գրողներ, հասարակական-քաղաքական գործիչներ, նկարիչներ և այլն, կազմակերպվել էր նաև  հյուրասիրություն, որի  ընթացքում առաջարկվում էր իտալական, կորեական և այլ ուտեստներ:

Ուսանող Արսեն Խաչատրյանը, ով իտալական ռեստորանում մենեջեր է,  համակուրսեցիների համար բերել էր իտալական անուշեղեններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին