Մեկնարկել է «Ամբերդի» սեմինարների 2-րդ փուլը. միջանկյալ արդյունքը ներկայացրեց պրոֆեսոր Մելքումյանի խումբը
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօր մեկնարկեց ՀՀ նախարարությունների պատվերով իրականացվող հետազոտությունների արդյունքների ներկայացման (սեմինարների) 2-րդ փուլը: Այսօր ելույթ ունեցավ «ՀՀ մարզերում փոքր և միջին բիզնեսի զարգացման ազդեցությունը աղքատության կրճատման վրա» թեմայով հետազոտություն կատարող խումբը, որի ղեկավարն է տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մելքումյանը:
Սեմինարին ներկա էին կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի աշխատակիցները, դասախոսներ: Ողջունելով ներկաներին, Սամվել Ավետիսյանը խոսքը տրամադրեց բանախոս, տ.գ.թ., ասիստենտ Արթուր Առաքելյանին: Վերջինս նշեց, որ հետազոտության կատարման ընթացքում ոլորտի հիմնախնդիրները պարզելու նպատակով խումբը եղել է ՀՀ տարբեր մարզերում, ունեցել հանդիպումներ, կատարել սոցհարցումներ: Արթուր Առաքելյանը ներկայացրեց «Աղքատությունը Հայաստանում» թեմայով ակնարկ՝ մեր երկրում տարանջատելով աղքատության փուլերը, անդրադառնալով մարզերում միջին ամսական աշխատավարձին, գործազրկության մակարդակին, ՀՆԱ-ի աճի և աղքատության մակարդակի փոփոխության կորելյացիոն կախվածությանը և այլն: Բանախոսը խոսեց նաև ՀՀ մարզերում (Շիրակ, Լոռի, Սյունիք) սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին: Ներկայացվեցին սոցհարցման արդյունքներ:
Հաջորդ բանախոսը տ.գ.դ., պրոֆեսոր Անահիտ Մելքումյանն էր, ով խոսեց ՀՀ աշխատաշուկայի ոլորտում իրականացվող նոր ակտիվ ծրագրերի մասին: Անդրադարձ կատարվեց աշխատաշուկայի ակտիվ ծրագրերին չզբաղվածների և գրանցված գործազուրկների մասնակցության հաճախականությանը, ՀՀ տնտեսության մեջ 2009-2015 թթ. Բեվերիջի կորին, աշխատուժի գրանցված պահանջարկի կառուցվածքին՝ ըստ տնտեսության հատվածների, աշխատուժի պահանջարկին՝ ըստ մասնագիտությունների: Պրոֆեսորը վերջում ներկայացրեց առաջարկություններ՝մարզերում ՓՄՁ-ի զարգացման համար:
Զեկուցումների ավարտից հետո հնչեցին հարցեր, կարծիքներ, դիտարկումներ:
Նշենք, որ վաղը կներկայացվի «ՀՀ արտահանման բազմազանեցման և աճի հնարավորությունները» ծրագրի հետազոտության միջանկյալ արդյունքը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին