ՀՊՏՀ վոլեյբոլիստուհիները նվաճել են բրոնզե մեդալ

Դիտումների քանակ՝ 1154

ՀՀ  բուհերի 16-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի շրջանակներում հոկտեմբերի 5-ին մեկնարկել էր աղջիկների վոլեյբոլի մրցաշարի երկրորդ՝աշնանային փուլը, որի ավարտով վճռվել է առաջնության հաղթողը: Մրցաշարի խաղերն անց են կացվել ՀՊՏՀ մարզադահլիճում: Ուրախությամբ ենք արձանագրում, որ ՀՊՏՀ-ականները շարունակում են 16-րդ մարզական խաղերին հաջող մասնակցություն ունենալ:

Մեր բուհի աղջիկների վոլեյբոլի հավաքականը ուժեղագույնների շարքում է, զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի: Այս մասին մեզ տեղեկացրեցին ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնից: Նշենք, որ առաջին տեղը նվաճել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը, երկրորդը՝  Երևանի պետական համալսարանի թիմը: Վոլեյբոլի աղջիկների առաջնությանը մասնակցել են հայաստանյան 8 բուհերի հավաքականներ: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի պրոֆեսոր, մեր բուհի վոլեյբոլի աղջիկների հավաքականի մարզիչ Սիմոն Հակոբյանը նշեց, որ այս մրցավեճը բավականին լարված էր, մրցակիցներն ուժեղ էին:

«Մեր թիմը լավ խաղեր ցուցադրեց, առանձնահատուկ ուզում եմ ընդգծել ուսանողուհի, սպորտի վարպետ Նարե Հովհաննիսյանի փայլուն խաղը: Ընդհանուր հաղթանակ ձեռք բերելու գործում մեծ էր Հռիփսիմե Թովմասյանի դերը: Աչքի ընկավ նաև ուսանողուհի Լուսինե Ներսիսյանը», - ասաց Սիմոն Հակոբյանը և հավելեց, որ մեր հավաքականի լավ մարզավիճակը պահելու համար տարբեր համալսարանների թիմերի հետ հաճախ կազմակերպվում են ընկերական հանդիպումներ:

Մենք ցրուցեցինք նաև Նարե Հովհաննիսյանի հետ, ով նշեց, որ մրցակցությունը բավականին մեծ էր:

«Մեր հավաքականի հիմնական խաղացողներից երկուսը համալսարանն ավարտել են, և այժմ նրանց փոխարինում են սկսնակ խաղացողներ, այնուամենայնիվ, մենք կարողացանք պատվով հաղթահարել այս առաջնությունը և մեդալ նվաճել», - ասաց Նարեն, հավելելով, որ պատրաստվում է ուսումը շարունակել մագիստրատուրայում (այժմ 4-րդ կուրսի ուսանողուհի է) և դեռ 3 տարի կխաղա հավաքականում:

Նշենք, որ տղաների վոլեյբոլի մրցաշարի աշնանային փուլը կմեկնարկի  հոկտեմբերի 20-ին:

Շնորհավորում ենք մեր վոլեյբոլիստուհիներին, մաղթում նոր հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին