ՀՊՏՀ-ում էր DAAD-ի տեղեկատվական կենտրոնի տնօրենը. ընդլայնվող համագործակցություն
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանն այսօր ընդունեցին DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) տեղեկատվական կենտրոնի տնօրեն Սիլվիա Շմիդին: Հանդիպմանը մասնակցում էր նաև բուհի արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը:
Ողջունելով հյուրին՝ Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց Տնտեսագիտական համալսարան այցելության համար, ապա հույս հայտնեց, որ բուհի և DAAD-ի համագործակցությունը շարունակական կլինի: Ռեկտորը նշեց, որ ամեն տարի ծառայության ներկայացուցիչները հյուրընկալվում են ՀՊՏՀ-ում, համագործակցությունն ընդլայնվում է:
Սիլվիա Շմիդը ողջույնի խոսքում նշեց, որ ուրախ է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գտնվելու և այն համագործակցության համար, որ առկա է DAAD-ի և ՀՊՏՀ-ի միջև: DAAD-ի տեղեկատվական կենտրոնի տնօրենի խոսքով՝ իրենց կազմակերպության կողմից հաջորդ տարի ՀՊՏՀ-ում կկազմակերպվի միջոցառում, որտեղ համալսարանականները կտեղեկանան գործող ծրագրերին:
Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը խոսեց հետազոտական ոլորտում համագործակցության մասին՝ նշելով, որ Տնտեսագիտական համալսարանը զգալի ներդրում է անում հետազոտություններում: Պրոռեկտորը հյուրին ներկայացրեց նաև մեր բուհում արտասահմանցի ուսանողների ուսուցման մասին տեղեկություններ՝ շեշտելով, որ համագործակցությունը կարելի է խորացնել նաև այս ոլորտում Գերմանիայից ժամանած դասախոսների ներգրավմամբ: Առանձնահատուկ կարևորություն տրվեց մեր ուսանողների գերմաներենի ուսուցմանը:
Քննարկվեցին համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին