Շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնության պատվիրակները՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1011

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն այսօր իր առանձնասենյակում ընդունեց Շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնության առիթով Հայաստան ժամանած տարբեր երկրների պատվիրակներին: Նրանց ուղեկցում էր ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ, առաջնության կազմակերպիչ Հովհաննես Գաբրիելյանը: Հանդիպմանը ներկա էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը:

Ողջունելով հյուրերին՝ ռեկտոր Կորյուն Աթոյանն ասաց. «Հարգելի բարեկամներ, ուրախ եմ ձեզ մեր համալսարանում հյուրընկալելու և ծանոթության համար: Հուսով եմ՝ առաջիկայում որևէ ձևաչափով համագործակցելու հնարավորություն կունենանք, ինչը կծառայի որպես փոխշփման ու փորձի փոխանակման, համալսարանների մերձեցման հրաշալի առիթ»:

Հյուրերը՝ Համաշխարհային համալսարանական սպորտի ֆեդերացիայի և Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի փոխնախագահ Լեոնս Էդերը, Լեհաստանի Բրոցլավ քաղաքի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ Անժի Հրեհորովիչը, 2017 թվականին կայանալիք առաջնության կազմակերպիչ Ռիֆատ Չաբուկը, շնորհակալություն հայտնեցին ռեկտորին՝ իր բազմազբաղ աշխատանքային օրվա կեսին իրենց սիրով ընդունելու և Տնտեսագիտական համալսարանի հետ ծանոթություն հաստատելու համար: Նրանք հատկանշեցին, որ Հայաստանը շախմատի առաջնություններ անցկացնելու համար լավագույն երկիրն է, որտեղ գործում են հրաշալի շախմատային ավանդույթներ և «Շախմատը» դպրոցական ծրագրերում ներառված է որպես
պարտադիր ուսուցանվող առարկա: Նրանք հույս հայտնեցին, որ ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ առիթ կունենան հանդիպելու 2017 թվականին Մալագայում կայանալիք Շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի
առաջնությանը:

Հանդիպման ավարտին ռեկտորը և հյուրերը փոխանակեցին խորհրդանշական նվերներ:

Այնուհետև Հովհաննես Գաբրիելյանը հյուրերին մոտիկից ծանոթացրեց համալսարանին, «Ամբերդ» հետազոտական կենտրոնում նրանց հյուրընկալեց կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, մարզասրահում հյուրերը ներկա գտնվեցին ՀՀ հանրապետական ուսանողական մարզական 16-րդ խաղերի վոլեյբոլի առաջնությանը:

Հիշեցնենք. Շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 6-11-ը: Հոկտեմբերի 7-ին առաջնության հանդիսավոր բացմանը ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով առաջնության կազմկոմիտեի նախագահն է, մարզական ուսանողական ֆեդերացիայի նախագահը:  Առաջնությունն անցկացվում է առաջին անգամ, միջոցառմանը մասնակցում են 9 երկրի 25 համալսարանական թիմեր:

Առաջնությանը ՀՊՏՀ շախմատի հավաքականի ցուցաբերած խաղին կանդրադառնանք առաջիկա լրահոսում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին