Սեպտեմբեր ամսվա ուշագրավ իրադարձությունները ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1524

Սեպտեմբերին մեկնարկեց 2015-2016 ուսումնական տարին  և տարվա առաջին իսկ ամիսը Տնտեսագիտական համալսարանում հագեցած էր բազմաբնույթ միջոցառումներով:

Ներկայացնում ենք սեպտեմբեր ամսվա ուշագրավ իրադարձությունները:

Սեպտեմբերի 1-ին ՀՊՏՀ-ն իր առաջին կուրսեցիների մուտքը դիմավորեց տոնական մթնոլորտում, ուսանողներին շնորհավորեցին ռեկտոր Կորյուն Աթոյանը, դեկանները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ՈւԽ նախագահը:

Սեպտեմբերի 3-ին ՀՊՏՀ ՈւԽ և ՀԵՀ նախաձեռնությամբ անցկացվեց  1-ին կուրսեցիներին նվիրված համերգային երեկո. օրն ուսանողների համար հիշարժան տոն դարձրեց հայտնի  DJ  Վակցինան:

Եվրոպական Միության Տեմպուսի «Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում՝ արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով («GOVERN»)» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 3-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ նվիրված համալսարանի մարդկային ռեսուրսների և ֆինանսական կառավարման ռազմավարական ասպեկտներին:

Սեպտեմբերին հրատարակվեց  նախորդ տարվա հոկտեմբերի 29-31-ը Տնտեսագիտական համալսարանում անցկացված «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» խորագրով ՀՊՏՀ 24-րդ գիտաժողովի նյութերի ժողովածուն:

Սեպտեմբերի 7-ին առաջին կուրսեցիներին բաժանվեց լրամշակված և որոշակի փոփոխություններով, ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ լույս  տեսած  նոր «Ուսանողի ուղեցույցը»:

սեպտեմբերի 15-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային համագործակցության կենտրոնում կայացել է «Տեմպուսի» «Արարատ» ծրագրի մասնակիցների ամենամսյա հանդիպումը, որին մասնակցել են ծրագրի շահակից գործընկերները, ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Ներսես Գևորգյանի ղեկավարությամբ:

Սեպտեմբերի 15-ին մեր բուհում մեկնարկեց ՀՀ քաղծառայողների վերապատրաստման դասընթացների աշնանային փուլը:

Սեպտեմբերի 17-ին ՀՊՏՀ-ում էին Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները: Բուհի միջազգային համագործակցության կենտրոնում նրանց ընդունեց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը:

Տեմպուսի «Վերիտաս» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ նիստերի սրահում սեպտեմբերի 18-ին  տեղի ունեցավ «Զալցբուրգյան սկզբունքների իրականացումը ՀՀ-ում» թեմայով վերապատրաստման սեմինար, որը վարեց  մեր բուհի մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Կարեն Գրիգորյանը:

Սեպտեմբերի 19-ին, ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին ընդառաջ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հյուրընկալվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Բուհում էր նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը: Պաշտպանության նախարարն ու ռեկտոր Կորյուն Աթոյանը այդ օրը կատարեցին ՀՊՏՀ հրաձգարանի բացումը:

Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց Տնտեսագիտական համալսարանում իրականացվող օտարերկրյա քաղաքացիների երկրորդ մագիստրոսական կրթական ծրագիրը՝ գործարար կառավարում մասնագիտությամբ:

Սեպտեմբերին լույս տեսավ  “Global marketing”  անգլերենի ուսումնական ձեռնարկը՝ ՀՊՏՀ լեզուների ամբիոնի վարիչի ժ/պ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուսաննա Չալաբյանի հեղինակությամբ:

Սեպտեմբերի 24-ին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ ՈւԽ ներկայացուցիչները այցելեցին Ճամբարակի զորամաս: Այցը Անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում էր:

Սեպտեմբերի 25-ին ՈւԽ արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ  «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ (ապրանքանիշը` «Beeline») գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը  մեր բուհում հանդես եկավ դասախոսությամբ:

Սեպտեմբերի 27-ին 16-րդ հանրապետական  մարզական խաղերում  ՀՊՏՀ-ն հրաձգության առաջնությունում դարձավ չեմպիոն:

Սեպտեմբերի 29-ին ՀՊՏՀ-ում անցկացվեցին հեռակա մագիստրատուրայի ընդունելության քննությունները:

Այսպիսին էր 2015-2016 ուստարվա առաջին ամիսը մեր բուհում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ