Եղեգնաձորի մասնաճյուղում մեկնարկել է «Ուսանողական աշուն-2015» փառատոնը

Դիտումների քանակ՝ 1437

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում երեկ սեղանի թենիսի առաջնությամբ մեկնարկել է «Ուսանողական աշուն-2015» մարզամշակութային փառատոնը, որն անցկացվում է մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և տնօրինության աջակցությամբ. այս մասին մեզ տեղեկացրեցին Եղեգնաձորի մասնաճյուղից:

Առաջնության հաղթող է դարձել ֆինանսներ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Էդգար Մարտիրոսյանը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է  նույն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Ռուբեն Գրիգորյանը, իսկ 3-րդ հորիզոնականը՝ հաշվապահական հաշվառում մասնագիտության  2-րդ կուրսի ուսանող Նարեկ Բաբայանը:

Փառատոնի շրջանակներում անցկացվելու են առաջնություններ տարբեր մարզաձևերից: Այսօր մասնաճյուղի ուսանողներն իրենց ուժերը կչափեն  շախմատում:

«Ուսանողական աշուն-2015» փառատոնի հաղթող մարզիկները հնարավորություն կստանան առաջիկայում մասնակցելու և բուհը ներկայացնելու ինչպես մարզային, այնպես էլ հանրապետական մի շարք միջոցառումներում»,-մեզ հետ զրույցում ասաց ՈւԽ նախագահ Հայկ Հարությունյանը և հավելեց, որ նոր ուսումնական տարվան զուգընթաց՝ Եղեգնաձորի մասնաճյուղում կազմակերպվում են ուսանողական կյանքը հետաքրքիր դարձնող, ժամանցային և կրթադաստիարակչական բազմաձևաչափ միջոցառումներ: Երեկ մասնաճյուղում հյուրընկալվել են «Արգիսդի» հայրենասիրական ՀԿ-ի անդամները, որոնք վարել են «Գոյամարտ» խորագրով դասընթաց: Քննարկվել են հայրենասիրության, հայի ինքնության, նրա գաղափարների և արժեքների մասին հարցեր: Դասընթացի երկրորդ մասում ցուցադրվել է Աշոտ Ղուլյանի (Բեկոր) մասին փաստավավերագրական ֆիլմ` «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարից:

Լուսանկարները  տրամադրել է Հայկ Հարությունյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին