ՀՊՏՀ գիտխորհրդի նիստում. ամփոփվեցին արդյունքներ, հաստատվեցին կանոնակարգեր

Դիտումների քանակ՝ 1534

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտութայն դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ այսօր կայացավ գիտական խորհրդի՝ 2015-2016 ուսումնական տարվա առաջին նիստը:

Գիտական խորհուրդը որոշեց իր աշխատանքն սկսել օրակարգով նախատեսված երկրորդ՝ դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին  հարցից, որը ներկայացրեց մրցութային հանձնաժողովի նախագահ Սուրեն Գևորգյանը: Վերջինս խոսեց թեկնածուների մասնագիտական ու գիտական գործունեության մասին: Արդյունքում գիտական խորհուրդը փակ, գաղտնի քվեարկությամբ և ձայների բացարձակ մեծամասնությամբ որոշեց դիմել ԲՈՀ` ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Էլիանորա Գրիգորյանին, կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ Լիանա Հայրապետյանին,  ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Միքայել Գյուլասարյանին, մակրոէկոնոմիկայի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Արմենուհի Ջանջոյանին, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Անահիտ Ադանալյանին, իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Վարդան Աթոյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու հայցով:

Այնուհետև օրակարգով նախատեսված երկու հարցը ներկայացրեց ռեկտոր Կորյուն Աթոյանը. ««Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհրդի կանոնակարգը քննարկելու և հաստատելու մասին» և ««Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆակուլտետի օրինակելի կանոնադրությունը քննարկելու և հաստատելու մասին»: Գիտխորհրդի քննարկմանը ներկայացված վերոնշյալ երկու փաստաթղթերի հիմնադրույթների շուրջ հնչեցին առաջարկություններ, լրացումներ, որոնք պարզաբանեց ՀՊՏՀ իրավաբանական բաժնի պետ Գայանե Տոռոզյանը: Խորհուրդը որոշեց առաջարկությունների հիման վրա լրամշակել ու հաստատել նշված կանոնադրությունները, ինչպես նաև գիտական խորհրդի 2015-2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակի աշխատանքային պլանը:

2014-2015 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին զեկուցմամբ  ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր  Միհրդատ Հարությունյանը ըստ կրթաձևերի, կուրսերի, ֆակուլտետների ներկայացրեց կիսամյակային տվյալները, կատարեց համեմատականներ, և խորհրդի ուշադրությունը հրավիրեց առկա ձեռքբերումների և թերությունների վրա: Օրակարգի հաջորդ կետին նույնպես անդրադարձավ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտորը՝ իր զեկուցման մեջ արտացոլելով ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքները և կանգ առնելով անհրաժեշտ հետևությունների վրա, որոնք պետք է բարելավեն նշված գործընթացները:

Այս առնչությամբ ռեկտոր Կորյուն Աթոյանը շեշտադրեց ու կարևորեց հստակ հանձնարարականների մշակումը և պարտականությունների կատարման ուղղությամբ խստագույն վերահսկողության իրականացումը:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ)

ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերը երաշխավորելու մասին զեկուցեց գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտորը ներկայացրեց նաև օրակարգի հաջորդ հարցը՝  «Գիտական խորհրդի 2014 թվականի մարտի 26-ի նիստում (արձանագրություն N 5) հաստատված «Գիտաուսումնական խմբերի հետազոտական նախագծերի մրցույթի վերաբերյալ կանոնակարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»: Գիտխորհուրդը միաձայն քվեարկությամբ ընդունեց ներկայացված հարցերի վերաբերյալ որոշումների նախագծերը:

Ընթացիկ հարցերի ներքո լսվեցին և հաստատվեցին ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ, հրատարակության երաշխավորվեցին ուսումնական ձեռնարկներ և մենագրություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին