Զեղչերի դիմումները կընդունվեն մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ
ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը տեղեկացնում է, որ ՀՊՏՀ ուսանողները զեղչերի դիմումները և փաստաթղթերը դեկանատներ պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ: Պրոռեկտորի խոսքով՝ զեղչերի դիմումների և փաստաթղթերի ժամկետների փոփոխությունը բուհում պայմանավորված է 2015 թվականի օգոստոսի 27-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին ուղղված նամակ-առաջարկությամբ, որում մասնավորապես, ասված է. «Կարևորելով ՀՀ սահմանամերձ մի շարք համայնքների (մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան (Իջևանի շրջան), Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Ոսկեպար, Վերին Կարմիրաղբյուր, ՀՀ Վայոց Ձորի մարզի Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վահան և ՀՀ Արարատի մարզի Երասխ) բնակիչների մասնագիտական կրթություն ստանալու նպատակով նրանց ընտանիքների սոցիալական բեռի որոշակի թեթևացման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ սահմանապահ գյուղերի համար հնարավոր արտոնությունների սահմանման ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը, առաջարկում եմ ՀՀ բուհերի առաջին կուրսում սովորողների (տվյալ համայնքում հաշվառված և տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատություններն ավարտած) պարագայում՝ բուհերի կողմից սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում ուսման վարձերի մասնակի փոխհատուցման համար նախատեսված ժամկետներում, 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակում կիրառել ուսումնական տարեկան վարձի զեղչ առնվազն 10%-ի չափով (օրենսդրությամբ չնախատեսված սոցիալական խմբերի սովորողների դեպքում), իսկ առաջին կիսամյակում՝ ուսման վարձի գանձումները ըստ անհրաժեշտության, կատարել ամսական կտրվածքով: Երկրորդ և բարձր կուրսերի ուսանողների պարագայում բուհերի կողմից սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում, ուսման վարձերի մասնակի փոխհատուցման համար նախատեսված ժամկետներում, 2015-2016 ուստարվա համար կիրառել տարեկան ուսման վարձի զեղչ առնվազն 20%-ի չափով (օրենսդրությամբ չնախատեսված սոցիալական խմբերի սովորողների դեպքում):
Միաժամանակ՝ մինչև ս.թ.-ի հոկտեմբերի 15-ը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացնել բուհի կողմից առաջին կիսամյակում ուսման վարձի մասնակի զեղչ կիրառված (առաջին կուրսեցիների դեպքում 2015-2016 ուստարվա համար հնարավոր զեղչման ենթակա) վերոհիշյալ համայնքների ուսանողների անվանացանկը (ըստ համայնքների, մասնագիտության և կուրսի)»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին