Բարի գալուստ ՀՊՏՀ. համերգային երեկոն առաջին կուրսեցիներինն էր
Տնտեսագիտական համալսարանի բակը այսօր ուսանողաշատ էր նաև երեկոյան. հարազատ միջավայրը համերգային երեկոյի շուրջ էր համախմբել բուհի բոլոր ֆակուլտետների ուսանողներին:
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված երեկոն նվիրված էր 1-ին կուրսեցիներին: Օրն ուսանողների համար հիշարժան տոն դարձրեց հայտնի DJ Վակցինան:
Միջոցառման բացմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, դեկաններ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նշելով, որ մասնագիտական կրթությունը չափազանց կարևոր նշանակություն ունի մարդու կյանքում և այն արժանապատիվ ապագայի գլխավոր երաշխավորն է: Ռեկտորը հորդորեց ուսանողներին լավ սովորել: Կրկին շնորհավորելով 1-ին կուրսեցիներին` Կորյուն Աթոյանն ասաց, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել հանդիպում, որտեղ ռեկտորը և նորաթուխ համալսարանականները հարցուպատասխանի տեսքով կքննարկեն ուսումնառությանն առնչվող մի շարք հարցեր:
Ուսխորհրդականները առաջին կուրսեցիների համար պատրաստել էին հետաքրքիր անակնկալներ: Նրանք նկատել էին այսօրվա երեկոյի համար առաջինը բուհի բակ ժամանած ուսանողուհի Հռիփսիմեին (կառավարման ֆակուլտետ), արձանագրել նրա անունը և երեկոյի ընթացքում բեմ հրավիրելով` հանձնել “Lora PARIS” ապրանքանիշի նվեր-փաթեթ: Անակնկալներ եղան նաև ակտիվ ուսանողների համար:
Կրտսեր համալսարանականների կողքին էին ավագ ՀՊՏՀ-ականները. երեկոն հիանալի առիթ էր ուսանողների միջև նոր ընկերական հարաբերություններ կառուցելու համար:
Հիթային երգերի ներքո բարձր տրամադրությունը համակել էր բոլորին: Համերգը շարունակվեց մինչև ուշ երեկո: Սա այս ուսումնական տարում ՀՊՏՀ մուտք գործած ուսանողներին նվիրված 1-ին միջոցառումն էր, որը նպատակ ուներ նրանց համալսարանական կյանքի մեկնարկը հիշարժան դարձնելու:
Բարի գալուստ ՀՊՏՀ, սիրելի 1-ին կուրսեցիներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին