1-ին կուրսեցիները «բացահայտում» են համալսարանական կյանքը. ճեպազրույցներ նորաթուխ ուսանողների հետ
Արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է նոր ուսումնական տարին, ՀՊՏՀ-ն կրկին լցվել է ուսանողական աշխույժով: Ուստարվա սկիզբին ուսանողները խանդավառ են՝ տարին մեծ եռանդով սկսելու, ուսման մեջ հաջողություններ արձանագրելու գործում:
Բուհական կյանքը առավել հետաքրքիր է առաջին կուրսեցիների համար, ամեն օրը՝ լի բացահայտումներով:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այսօր շրջայց է կատարել բուհի ֆակուլտետներով, զրուցել 1-ին կուրսեցիների հետ, արձանագրել նրանց առաջին տպավորությունները:
Մաքսային գործ մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Ասյա Գևորգյանը, ով կուրսի ավագն է, նշեց. «Ուսումնական տարվա սկիզբն է, և մեզ համար դեռ ամեն ինչ առջևում է: Արդեն հասցրել ենք հաստատել նոր ծանոթություններ, տեղեկանալ բուհական կարգուկանոնին: Ուսանողական առօրյան շատ հետաքրքիր է, հաճույքով ենք հաճախում համալսարան»:
Տնտեսագիտության տեսություն մասնագիտության ուսանող Վահան Չոբանյանը ժպտալով նշեց, որ այսօր առաջին անգամ դասախոսություն են գրել, և փոքր-ինչ անսովոր է եղել այն արագ գրի առնելը, սակայն փորձում է կամաց-կամաց հարմարվել ուսանողական կյանքին:
«Ընդհանուր առմամբ, շատ տպավորված եմ: Նպատակ ունեմ լավ սովորել և լավ մասնագետ դառնալ: Դասախոսությունները հետաքրքիր են մատուցվում, բուհական միջավայրը բարեկարգ է և հաճելի», - ընդգծեց Վահանը և հավելեց, որ բնակվում է ՀՊՏՀ «Տնտեսագետ» ուսանողի տանը, որի պայմանները ևս գոհացնող են:
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողուհի Անի Այվազյանն էլ ասաց, որ ուսանողական կյանքն իր սպասածից ավելի հետաքրքիր է՝ կրթական և ընկերական միջավայրերի առումով:
Ուսանողներից շատերը նշեցին նաև, որ կփորձեն լինել և' լավ սովորող, և' ակտիվ ու նախաձեռնող ուսանող:
Սիրելի' առաջին կուրսեցիներ, հիշեցնենք, որ այսօր ժամը 17.00-ին ՀՊՏՀ բակում տեղի կունենա երաժշտական երեկո, որը նվիրված է ձեզ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին