Նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՊՏՀ-ում. գիտելիքի ու հույզերի տոն

Դիտումների քանակ՝ 1541

Իր հերթական ուսումնական տարեսկիզբն ու Գիտելիքի տոնը նշեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ընդունված շուրջ 1000 առաջին կուրսեցիների համար այն վերածելով նորամուտի տոնահանդեսի, որը, որպես բուհի հետ հանդիպում և ուսանողական կյանքի առաջին օր, վառ կմնա նրանց հիշողություններում:

Վաղ առավոտից տոնականությամբ ու խանդավառ հույզերով էր շնչում ոչ միայն Նալբանդյան 128 հասցեում տեղակայված ՀՊՏՀ անկրկնելի բակը՝ յուրօրինակ մի խաչմերուկ, որը միավորում է համալսարանի առանձին ֆակուլտետները, այլև Զեյթուն թաղամասում ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը: Հենց այստեղ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը և ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը կատարեցին իրեն առաջին այցելությունը:

Շնորհավորելով, ոգևորելով ու բարի երթ մաղթելով նորեկներին՝ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց.

«Սիրելի առաջին կուրսեցինե՛ր, դուք ապրել եք մանկության ու պատանեկության շատ հիշարժան օրեր, սակայն, հավաստիացնում եմ՝ ձեր լավագույն օրերը դեռ առջևում են:

Մեր համալսարանում դուք ստանալու եք բարձրորակ մասնագիտական գիտելիքներ, ձեր կրթության ու հետագա դաստիարակության հարցում շահագրգիռ է ողջ համալսարանական կազմը: Եվ այդ գիտելիքները վճռորոշ են լինելու ձեր հետագա կայացման ճանապարհին: Սակայն բարձրագույն դպրոցը միայն մասնագիտական կրթություն չէ, այստեղ ձևավորվելու և զարգանալու է ձեր արժեքային համակարգը, դուք քաղելու եք նաև կյանքի դասեր՝ լավատեսության, մարդասիրության, ազնվության: Ժամանակակից տեխնոլոգիաների, հարաճուն առաջընթացի մեր ժամանակաշրջանում ինքնահաստատվելու ու կայանալու համար ձեզանից պահանջվելու են մեծ ջանքեր՝ աշխատասիրություն, հաստատակամություն ու նպատակասլացություն: Եվ ձեր ջանքերը, վստահաբար, արդարացվելու են»:

Ռեկտորի սեպտեմբերմեկյան շնորհավորանքը կարդացեք հետևյալ հղումով.http://media.asue.am/upload/SHNORHAVORANQ_september.pdf

Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում առաջինցիների նորամուտը շնորհավորեցին ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը, տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը:

«Այսօրվա աշխատաշուկայում մեր համալսարնն ի զորու է իր ռեսուրսներով ու մրցունակ կադրերով մրցակցային լուրջ առավելություններ ունենալ, ուստի կյանքի այս վճռորոշ փուլը պետք է պատվով հաղթահարեք», - ասաց Մանուկ Մովսիսյանը:

Վարդան Սարգսյանն ասաց. «Մաղթում եմ, որ ձեր ուսումնական կյանքն անցնի լեցուն ու հագեցած: Մեր բուհում դուք կտիրապետեք գիտության նորագույն գործիքներին, կդառնաք բարձրակարգ տնտեսագետներ: Բայց կարևոր է նաև, որ ուսման մեջ պահանջկոտ լինեք»:

Իսկ Աշոտ Թավադյանը հավաստիացրեց. «Դուք ընտրել եք պահանջված մասնագիտություններ, այսօր վերլուծաբանների, գնահատողների ու կանխատեսողների կարիք աշխատաշուկայում շատ կա: Վստահ եմ՝ դուք կհամալրեք մեր լավագույն մասնագետների շարքը»:

ՀՊՏՀ բակը մարդաշատ էր. հինգ ֆակուլտետների առաջին կուրսեցիներ, ծնողներ,դեկաններ, ամբիոնների վարիչներ, պրոֆեսորադասախոսական կազմ: Նորեկների կողքին էին պրոռեկտորներ Գագիկ Վարդանյանը, Պարույր Քալանթարյանը, Միհրդատ Հարությունյանը, Միխաիլ Կարապետյանը, Սևակ Խաչատրյանը: Հնչում էր տոնական  երաժշտություն, խանդավառ տրամադրություն էր:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ ուսումնական տարեսկիզբը, ինչպես ամեն մի նոր բոլորաշրջան, պետք է սկսել բարձր տրամադրությամբ, նոր եռանդով, հավատով ու լավատեսությամբ: Իսկ այդ ամենն ամրապնդելու համար համալսարանն առավելագույն ջանքեր է ներդրել՝ նոր ծրագրեր, բարենորոգումներ, ուսանողների կեցության, հանգստի ու սննդի լավագույն պայմաններ:

Շնորհավորանք հղեց նաև ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը:

Ավանդույթի համաձայն՝ ողջույնի խոսքերից ու շնորհավորանքներից հետո դեկաններն առաջին կուրսեցիներին ուղեկցեցին ֆակուլտետներ, որտեղ ըստ մասնագիտությունների՝ ներածական դասախոսություններ կարդացին ամբիոնների վարիչները:

Կառավարում մասնագիտության 1-ին կուրսի առաջին դասը ողջունեց ռեկտոր Կորյուն Աթոյանը: Կրկին շնորհավորելով նորեկներին՝ ռեկտորը  հորդորեց նրանց լավ սովորել, անդրադարձավ աշխատաշուկայում առկա մրցակցությանը, գործատուի պահանջներին:

«Գործատուները պահանջում են բարձր մասնագիտական որակներ ունեցող կադրեր: Մեր բուհը համագործակցում է գործատուների հետ, համատեղ քայլեր ձեռնարկում  բարձրորակ կադրեր պատրաստելու համար: ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմն էլ, իր հերթին է շահագրգիռ է մրցունակ մասնագետներ պատրաստելու գործում: Իսկ ձեր գերխնդիրը լավ սովորելն է»,-ընդգծեց ռեկտորը, ապա հավելեց, որ ուսումնառության ընթացքում ուսանողները բոլոր հարցերով անկաշկանդ կարող են դիմել դեկանատներ, իսկ բուհի ղեկավարությունը պատրաստ է լսելու ուսանողների առաջարկությունները: Կորյուն Աթոյանը  կարևորեց նաև հասարակական ակտիվությունը, մարզական և մշակութային  միջոցառումներին մասնակցությունը, բազմաբովանդակ ուսանողական կյանքը: Ռեկտորը ուսանողներին պատմեց Դիլիջանում գտնվող «Տնտեսագետ» մարզաառողջարանային ճամբարի մասին՝ նշելով, որ ամեն տարի ՀՊՏՀ ուսանողներն այնտեղ անցկացնում են ամառային անմոռանալի հանգիստ:

Այսօր 1-ին կուրսեցիներին բաժանվեցին համալսարանի պաշտոնական «Տնտեսագետ» ամսագրի համարներ: Ինչպես տեղեկացրեց հանդիսավար, ՀՊՏՀ ասպիրանտ Հարություն Արզումանյանը, սեպտեմբերի 3-ին, ժամը 17.00-ին ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ առաջին կուրսեցիների համար բուհի բակում կկազմակերպվի համերգային երեկո, որտեղ ելույթ կունենա DJ Վակցինան:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը  շնորհավորում է ուսանողների ու գործընկերների Գիտելիքի տոնն ու ուսումնական տարեսկիզբը:

Բարի գալուստ ու բարի երթ:

Սեպտեմբերմեկյան լուսանկարային շարքը՝ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին