«Տնտեսագետ» մարզաառողջարանում հանգստանում են նաև ուսանողներ Արցախի համալսարանից
Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում մեկնարկել է ամառային հանգստի առաջին հերթափոխը: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կապ հաստատեց մարզաառողջարանի պետ, մեր բուհի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Հակոբ Կյոկչյանի հետ, ով նշեց, որ այս պահին մարզաառողջարանում հանգստանում է 14 հոգի:
«Երեկ՝ հուլիսի 5-ին, մեկնարկել է առաջին հերթափոխը, ընդունել ենք 14 հոգու, որից 5-ը Արցախի պետական համալսարանի ուսանողներ են: Առաջիկա օրերին նոր հանգստացողներ կգան: Հանգիստը հետաքրքիր և օգտակար դարձնելու համար կկազմակերպենք արշավներ դեպի Ջուխտակ վանք և Մաթոսավանք, էքսկուրսիաներ՝ դեպի Հաղարծին և Գոշավանք»,-ասաց մարզաառողջարանի պետը:
«Տնտեսագետում» հանգստացողների համար կազմակերպվում են նաև ժամանցային տարբեր միջոցառումներ՝ մարզական խաղեր (սեղանի թենիս, շախմատ, վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ), երաժշտական երեկոներ և այլն:
Նշենք, որ ՀՊՏՀ ռեկտորի որոշմամբ, յուրաքանչյուր հերթափոխում Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում անվճար կհանգստանա 5, ընդհանուր՝ 20 ուսանող Արցախի պետական համալսարանից:
Մարզաառողջարանի հերթափոխերին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://goo.gl/jXRN1r :
Մաղթում ենք հաճելի հանգիստ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին