Ամփոփվեց հետազոտության արդյունքների 1-ին հաշվետու փուլը
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կոնֆերանսների սրահում այսօր ՀՀ նախարարությունների կողմից պատվիրված համապատասխան թեմաներով կատարվող հետազոտությունների 1-ին հաշվետու փուլի վերջին սեմինարն էր. ներկայացվեց «Անվանական փոխարժեքի վարքագծի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» հետազոտական թեմայի շրջանակներում կատարված աշխատանքը: Նշված հետազոտության կատարողներն են՝ խմբի ղեկավար, տ.գ.թ. Լուսինե Հարությունյան, մագիստրանտներ Հերմինե Բադալյան, Լուսինե Խաչատրյան, Լիլիթ Առաքելյան, Զարա Միրաքյան:
Լուսինե Հարությունյանը, ողջունելով սեմինարի մասնակիցներին, ներկայացրեց, թե հետազոտության առանցքում ինչ հարցեր են դիտարկվում, մեկնաբանեց դրանցից յուրաքանչյուրի կարևորությունը, ապա խոսքը փոխանցեց առաջին զեկուցող Հերմինե Բադալյանին: Վերջինս հանդես եկավ «ՀՀ-ում իրական արդյունավետ փոխարժեքի և անվանական արդյունավետ փոխարժեքի միջև առկա կապի քանակական գնահատում» զեկուցմամբ, որտեղ անդրադարձավ անվանական և իրական փոխարժեքների ձևակերպումներին, բացատրեց այդ փոխարժեքների էությունը և էկոնոմետրիկ մոդելի միջոցով ցույց տվեց դրանց միջև առկա կապը:
Լիլիթ Առաքելյանը հանդես եկավ երկու զեկուցումներով՝ «Անվանական փոխարժեքի վրա ազդող գործոնների տեսապրակտիկ դասակարգում», «ՀՀ-ում նախաճգնաժամային և հետճգնաժամային փուլերում անվանական փոխարժեքի վարքագիծը պայմանավորող վճռորոշ գործոնների առանձնացում»: Մագիստրանտը կանգ առավ փոխարժեքի վրա մեծ ազդեցություն ունեցող գործոնների վրա (գնաճի տեմպեր, վճարային հաշվեկշռի վիճակ, տոկոսադրույքի մակարդակ և այլն), ներկայացրեց տնտեսագիտական գրականության մեջ այդ գործոնների դասակարգումները, ապա իրենց խմբի կողմից կատարված դասակարգումը: Երկրորդ զեկուցման թեմայի շրջանակում խոսվեց 1994-2013 թթ. և 2014 թ., ըստ ամիսների, ՀՀ դրամ/ ԱՄՆ դոլար փոխարժեքների մասին և այլն:
Սեմինարի վերջին բանախոսի՝ Լուսինե Խաչատրյանի զեկուցումը «Գոյություն ունեցող տնտեսական մոդելների դիտարկում և մակրոտնտեսական իրավիճակի վրա անվանական փոխարժեքի վարքագծի ազդեցության մեկնաբանում» թեմայով էր: Բանախոսը անդրադարձ կատարեց փոքր, բաց տնտեսության IS-LM-BP մոդելին, կատարվեց լողացող ռեժիմում ցածր, ինչպես նաև բարձր շարժունակության պայմաններում պետական ծախսերի աճի ազդեցության գնահատում, խոսվեց TNT մոդելում արտաքին պարտքի և դրա մարման և «Հոլանդական հիվանդություն» երևույթի մասին:
Զեկուցումներից հետո հնչեցին հարցեր, տեղի ունեցավ քննարկում: «Ամբերդի» աշխատակից Արմեն Գրիգորյանը հանդես եկավ մանրամասն դիտարկումներով:
Այսպիսով, հունիսի 24-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում կայացան 5 հետազոտական թեմաներով կատարվող աշխատանքների միջանկյալ արդյունքը ներկայացնող սեմինար-հաշվետվություններ: Նշենք, որ այսօր եզրափակվեց հաշվետվությունների 1-ին փուլը, 2-րդը կմեկնարկի նոր ուսումնական տարվանից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին