ՀՊՏՀ հետազոտողները գնահատել են գնաճի սոցիալական ազդեցությունը
Տնտեսագիտական համալսարանի տարեկան գիտաժողովի այսօր կայացած վերջին կլոր սեղանը «Գնաճը և սոցիալական հետևանքները ՀՀ-ում» թեմայով էր, որին մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտաուսումնական լաբորատորիաների ղեկավարներ, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, հետազոտողներ, ասպիրանտներ, ուսանողներ:
Հանդիպումը համակարգում էր «Սոցիալական հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ելենա Մանուկյանը, ով ներկայացրեց գնաճի սոցիալական հետևանքների շուրջ առաջին զեկուցումը: Վերլուծվեցին 2008-2016 թթ. Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը, տնտեսական աճի և գնաճի դինամիկան, 2013-2017թթ. սպառողական ապրանքների և ծառայությունների գնաճը, ցույց տրվեց դրանց սոցիալական ազդեցությունը:
Պարենային ապրանքների գնաճի թեման շարունակեց գիտաուսումնական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, տ.գ.թ. Կարինե Հարությունյանը՝ անդրադառնալով կարագի շուկայի իրավիճակին: Տեղեկություններ հաղորդվեցին մեր երկրում 1 շնչի հաշվով կարագի միջին ամսական սպառման, մթերքի միջազգային գների և հայաստանյան գների փոխկապվածության, ներմուծման, արտահանման ծավալների և այլնի մասին: Հայաստանյան շուկայում կարագի գնի շեշտակի աճ է արձանագրվում հատկապես վերջին ժամանակաշրջանում և, ըստ բանախոսի, գնաճով պայմանավորված փոխվում է սպառողների դիրքորոշումը՝ 2017թ. ավարտին կանխատեսվում է սպառման ծավալների նվազում:
Հասարակության լայն շերտերի համար արդիական թեման մեծ քննարկում առաջացրեց, գնաճի կապակցությամբ ՀՊՏՀ տնտեսագետները հանդես եկան պարզաբանումներով:
Նշենք, որ գիտաժողովը մոտենում է ավարտին, արդյունքները կամփոփվեն վաղը:
Նոյեմբերի 27-30-ը կլոր սեղանի ձևաչափով տեղի ունեցան 5 հանդիպումներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին