Հետազոտվում է ՓՄՁ զարգացման ազդեցությունը աղքատության կրճատման վրա

Դիտումների քանակ՝ 1764

Հիմնախնդիրների վերհանում, զարգացման հեռանկարներ, եզրակացություններ, առաջարկություններ. արդեն երրորդ օրն է՝ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կոնֆերանսների սրահում ընթանում են ՀՀ նախարարությունների պատվիրած թեմաներով կատարվող հետազոտական աշխատանքների արդյունքները ներկայացնող գիտական սեմինարներ: Այսօր «ՀՀ մարզերում փոքր և միջին բիզնեսի զարգացման ազդեցությունը աղքատության կրճատման վրա» հետազոտական ծրագրի կատարողները հանդես եկան զեկուցումներով: Սեմինարին ներկա էին «Ամբերդի» տնօրեն, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը, կենտրոնի աշխատակիցները, ասպիրանտներ ուսանողներ: Հետազոտական խմբի ղեկավարն է տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մելքումյանը, խմբի անդամներն են տ.գ.դ., պրոֆեսոր Անահիտ Մելքումյանը, տ.գ.թ. դոցենտ Ֆրիդա Բահարյանը, տ.գ.թ. Սուսաննա Վարդանյանը, տ.գ.թ., ասիստենտ Արթուր Առաքելյանը, ասպիրանտներ Վարդան Մարությանը, Սերգեյ Էլարյանը:

Արթուր Առաքելյանը ներակայացրեց «ՀՀ մարզերում փոքր և միջին բիզնեսի զարգացման ազդեցությունը աղքատության կրճատման վրա» թեման, Սերգեյ Էլարյանն անդրադարձավ հետազոտության նպատակներին, հետազոտության ընթացքում լուծված խնդիրներին, ՓՄՁ պետական աջակցության համակարգին, ՓՄՁ զարգացման ներկա վիճակին՝  առանձին-առանձին կանգ առնելով ՀՀ մարզերի վրա: Պրոֆեսոր Անահիտ Մելքումյանը ներկայացրեց աղքատության մակարդակը բնորոշող փոխկապակցված մակրոտնտեսական ցուցանիշներ, ապա կատարեց այդ ցուցանիշների համեմատական վերլուծություն, որից հետո ունկնդիրները քննարկեցին ՓՄՁ զարգացմանը խոչընդոտող հարցեր. դիտարկումներով հանդես եկան Ատոմ Մարգարյանը, Սամվել Ավետիսյանը: Սուսաննա Վարդանյանը սեմինարի վերջին բանախոսն էր. նա ներկայացրեց խմբի կողմից կատարված հարցումների արդյունքները՝ 16-63 տարեկան հարցված քաղաքացիների աշխատանքով ապահովվածության, գործազրկության մակարդակը:

Զեկուցումներն ընդհանրացրեց և ամփոփեց խմբի ղեկավար Միքայել Մելքումյանը՝ շեշտադրելով խմբի համար կարևոր ասպեկտները:

Ամփոփելով սեմինարը՝ Սամվել Ավետիսյանը ընդգծեց, որ ինչպես սեմինարը ցույց տվեց, խումբը ճիշտ ուղղությամբ է աշխատում և հույս հայտնեց, որ աշնանը խմբի կողմից արդեն կներկայացվի համապարփակ վերլուծություններ և կառուցողական առաջարկություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին