Սփյուռքը՝ որպես ՀՀ տնտեսության զարգացում ապահովող գործոն
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի կոնֆերանսների սրահում այսօր «Սփյուռքի դերը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գործում» հետազոտական ծրագրի շրջանակում կատարվող հետազոտական աշխատանքը ներկայացրեց համապատասխան խումբը: Սեմինարին ներկա էին հետազոտողներ, ուսանողներ, աշխատակիցներ: Հետազոտական խմբի ղեկավարն է «Ամբերդի» տնօրեն, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, խմբի անդամներն են կենտրոնի գլխավոր մասնագետ Սուրեն Բաբաջանյանը, «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի կրտսեր փորձագետ Աշոտ Կիրակոսյանը, մագիստրանտ Հերմինե Բադալյանը:
Սուրեն Բաբաջանյանը հանդես եկավ զեկուցմամբ, որտեղ նախ ներկայացրեց իրենց խմբի առջև դրված խնդիրները, նպատակները, ապա խոսեց հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունների, սփյուռքի ներուժի օգտագործման միջազգային փորձի, Հայաստանում սփյուռքահայ բարերարների ներդրումային ծրագրերի, ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակով կատարված դրամական փոխանցումների ծավալի մասին, առանձին-առանձին անդրադարձավ բարեգործական կազմակերպությունների (ինչպես օրինակ, Հայաստան համահայկական հիմնադրամի) գործունեությանը, ծրագրերին, վերջում ցույց տվեց սփյուռքի դերը՝ մեր պետության տնտեսության զարգացման գործում:
Զեկուցման ավարտից հետո բանախոսը նշեց, որ ուրվագծվում են հետազոտության առաջիկա անելիքները:Թեմայի վերաբերյալ մեկնաբանություններով հանդես եկավ Աշոտ Կիրակոսյանը:
Ծավալված քննարկմանը նկատառումներ ներկայացրեցին «Ամբերդի» աշխատակիցներ Արմեն Գրիգորյանը, Աշոտ Դավոյանը: Քննարկումն իր դիտարկումներով ամփոփեց Սամվել Ավետիսյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին