Գրիգոր Ղարիբյանը 85 տարեկան է. ՀՊՏՀ ղեկավարությունը մեծարեց ու շնորհավորեց անվանի տնտեսագետին

Դիտումների քանակ՝ 1725

Այսօր Երևանի պետական համալսարանում գիտական խորհրդի նիստի երկրորդ մասը շարունակվեց հոբելյանական հանդիսությամբ. նշվում էր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Ղարիբյանի ծննդյան 85-ամյա և համալսարանական գործունեության 60-ամյա հոբելյանները: Հանդիսավոր նիստը վարում էր ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:

Տնտեսագիտության երախտավորին, արժանավոր մարդուն շնորհավորեցին և մեծարեցին ՀՊՏՀ ղեկավարները՝ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը:

Հանդիսավոր նիստում Կորյուն Աթոյանն իր սիրելի ուսուցչին ուղղեց սրտի խոսք ու ջերմ բարեմաղթանք՝ անդրադառնալով  Գրիգոր Ղարիբյան գիտնականի, մանկավարժի մեծ դերակատարությանն իր կյանքում,  մասնագիտական ու մարդկային հատկանիշների ձևավորման գործում, արժևորելով նրա անցած բեղմնավոր ճանապարհը, որը տարիների հանրագումարում դարձել է կրթության ու գիտության տոն բոլոր նրան ճանաչողների համար:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը ՀՊՏՀ անձնակազմի անունից հոբելյարին հանձնեց ուղերձ և խորհրդանշական նվեր՝ գեղանկարչական կտավ: Ուղերձում բարձր էր գնահատված Գրիգոր Ղարիբյանի անուրանալի ավանդը հայ տնտեսագիտական մտքի զարգացման գործում: Շեշտված էր նրա գաղափարական, սկզբունքային և խորատես մոտեցումը մարդկային ու մասնագիտական հարաբերություններում:

«Երկարամյա գիտական, մանկավարժական և, իհարկե, կառավարչի գործունեության հոբելյանական այս հանգրվանում իրավամբ վայելում եք Ձեր անմնացորդ նվիրումի հասուն պտուղները. Ձեզ հիշում, գնահատում ու մեծարում են Ձեր գործընկերները, սաները», - ասված էր ուղերձում:

Հոբելյանական հանդիսավոր նիստում Գրիգոր Ղարիբյանին շնորհավորեցին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանը, ՀՊՄՀ պրոռեկտոր  Սրբուհի Գևորգյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Գործընկերները գնահատեցին Գրիգոր Ղարիբյանի ծառայությունները
համալսարանի, հատկապես տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կայացման գործում, անդրադարձան ազնիվ ու բարեպաշտ մարդու, սկզբունքային գիտնականի, վարչարարի նրա անցած ուղուն:

Հոբելյարը, ի պատասխան, շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, համալսարանի ղեկավարությանը, համալսարանին, որ իրեն կրթություն է տվել, վստահել դասախոսական աշխատանք, վարչական պաշտոններ ու գիտական կոչումներ և «հիմա էլ պահում է իր ծոցում ու դարձրել է երջանիկ մարդ»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին