«Նախագծերի կառավարում» կրթական ծրագրի մագիստրանտները հանդես են գալիս շնորհանդեսներով

Դիտումների քանակ՝ 2588

Վալենսիայի պոլիտեխնիկական, Հայաստանի պետական տնտեսագիտական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների «Նախագծերի կառավարում» համատեղ մագիստրոսական ծրագրի ուսանողները, «Նախագծերի որակի կառավարում» առարկայի շրջանակում, դասախոս, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ., որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ  Աննա Փախլյանի հանձնարարությամբ, կատարել են թիմային աշխատանքներ՝ իրականացնելով ՀՊՏՀ բուֆետից և գրադարանից սպառողների (ուսանողների և աշխատակիցների) բավարարվածության գնահատում:

1-ին խումբը «ՀՊՏՀ բուֆետից սպառողների բավարարվածության աստիճանի գնահատում» շնորհանդեսով հանդես եկավ այսօր: Մագիստրանտները, անգլերեն վերլուծեցին իրենց իրականացրած հարցումների պատասխանները (հարցմանը մասնակցել է 50 հոգի),գնահատեցին բուֆետի գործունեության արդյունավետությունը: Որո՞նք են բուֆետից օգտվելու դրդապատճառները, ի՞նչ առավելություններ և թերություններ են մատնանշում սպառողները և ի՞նչ կցանկանային ավելացնել սննդացանկում. հետազոտողները փորձել են գտնել հիմնականում այս հարցերի պատասխանները: Բացի հարցումներից, ուսանողները 2 օր շարունակ հետևել են բուֆետի աշխատանքին, զրուցել սպառողների հետ, արձանագրել նրանց կարծիքները: Այսպես, սպառողների հիմնական մասը  գոհ է բուֆետի աշխատանքից, մասնավորապես նշում է, որ առաջարկվում է համեղ սնունդ, սպասարկման որակը բարձր է: Որոշ սպառողներ առաջարկում են ընդլայնել կերակրացանկը: Ուսանողները պատրաստվում են արդյունքների հիման վրա առաջարկությունների փաթեթ ներկայացնել բուհի ղեկավարությանը:

Մեզ հետ զրույցում մագիստրանտ Աննա Մինասյանը նշեց, որ իրենց դասերն  անցնում են ինտերակտիվ, քննարկումների, մտագրոհի մթնոլորտում. «Դասերը բավականին հետաքրքիր ու հագեցած են անցնում, մեր խմբում բոլոր ուսանողները մոտիվացված են, իսկ դասախոսները կարևորում են յուրաքանչյուրի աշխատանքն ու կարծիքը: Ուսումնառության ընթացքում զարգացնում ենք հետազոտական հմտությունները, անգլերենի իմացությունը, որոնք կարևոր են մրցունակ ուսանողի համար: Մագիստրոսական ծրագիրը մեզ հնարավորություն է ընձեռում նաև ուսումը շարունակելու Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում, ինչն իր հերթին լավ սովորելու խթան է»:

Նշենք, որ «Նախագծերի կառավարում» մասնագիտացմամբ սովորում է 15 ուսանող, ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին, բոլոր դասընթացներն անցկացվում են անգլերենով: Ներածական դասընթացները («Նախագծերի կառավարման հիմունքներ» և «Երկրատեղեկատվական համակարգերի հիմունքներ») մեկնարկել են ՃՇԱՀ-ում: Իսկ ՀՊՏՀ-ում ուսանողներն  արդեն 4-րդ դասընթացն են անցնում:

«Յուրաքանչյուր դասընթացը տևում է 2 շաբաթ՝ վերջում հանձնվում է ամփոփիչ քննություն: Կիրառվում է գնահատման բազմագործոնային ճկուն համակարգ, գնահատման գործոններն ու դրանց ամրագրվող կշիռներն անհատապես որոշվում են դասախոսների կողմից»,-ասաց Աննա Փախլյանը:

Գրադարանի գործունեության արդյունավետությունը գնահատած խումբը իր աշխատանքը ներկայացնելու է վաղը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին