ԵԱՏՄ-ն, ԵՄ համաձայնագիրն ու Հայաստանը. քննարկում ՀՊՏՀ-ում (լուսանկարներ)
«Տնտեսության և հասարակության զարգացում. 21-րդ դարի մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով ՀՊՏՀ 27-րդ գիտաժողովը, որն իր աշխատանքները շարունակում է կլոր սեղանների շուրջ, այսօր հրավիրել էր հերթական քննարկումը՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման արտաքին հնարավորություններն ու սահմանափակումները» խորագրով՝ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ղեկավար, տ.գ.դ., դոցենտ Դիանա Գալոյանի համակարգմամբ: Կլոր սեղանին մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, դեկաններ, ամբիոնների վարիչներ, գիտաուսումնական լաբորատորիաների, վարչական ստորաբաժանումների ղեկավար և ուսանողներ:
Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը արդյունավետ համարեց այս օրերին անցկացվող կլոր սեղանները և ընդգծեց, որ ՀՊՏՀ գիտնականները պետք է պատրաստ լինեն ՀՀ կառավարությանը պարբերաբար ներկայացնել իրենց հետազոտություններից բխող առաջարկներ:
Սկսելով հանդիպումը՝ Դիանա Գալոյանը մասնակիցներին հրավիրեց աշխույժ քննարկման՝ ներկայացնելով հետևյալ հարցերը՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման արտաքին հնարավորություններն ու սպառնալիքները, ԱՀԿ-ին անդամագրվելն արդյո՞ք ազդել է ՀՀ տնտեսության զարգացման վրա, ԵԱՏՄ-ին անդամագրվելն ինչպե՞ս է անդրադարձել ՀՀ տնտեսության վրա, ՀՀ արտաքին առևտրի մասնագիտացումը. Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական տնտեսական միություն: Առաջադրված հարցերի շուրջ բանախոսները՝ ՀՊՏՀ գիտնականները, ներկայացրեցին իրենց մոտեցումները՝ վեր հանելով հարցեր, մտահոգություններ, թվեր, ընդգծելով յուրաքանչյուր միության անդամակցության հնարավորությունները և մարտահրավերները:
Տ.գ.թ., դոցենտ, ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանը նշեց, որ մինչ որոշ շրջանակների կողմից ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին (խոսքը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին է) Հայաստանի անդամակցությունը քննարկվում է և-և-ի, կամ-կամ-ի համատեքստում, հասարակության գերակշիռ մասը բավական հավասարակշռված է մոտենում սույն հարցերին և ավելի հակված է կշռադատելու, թե այդ երկու վեկտորները զարգացման ինչպիսի ուղղություններ են ապահովում Հայաստանի համար: Լաբորատորիայի ղեկավարը դրական միտում է տեսնում այս թեմայի շուրջ հասարակական բանավեճի մեջ:
Տ.գ.դ., դոցենտ, «Ֆինանսական ներգրավվածություն» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Սուքիասյանը անդրադարձավ ՀՀ արտաքին առևտրի մասնագիտացման հարցին՝ ընդգծելով, որ հարկավոր է ճշգրտել մեր երկրի տեղն ու դերը այս միությունների աշխատաշուկայում: Տ.գ.թ., դոցենտ, ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանն ընդգծեց, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը ինքը համարում է քաղաքակիրթ աշխարհի հետ հաղորդակցվելու փորձ, ապա հարցադրեց՝ սա քաղաքակրթակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն էր: Տ.գ.դ., պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը նշեց, որ չի կարող լուծվել որևէ տնտեսական հարց, եթե լուծված չեն քաղաքական խնդիրները՝ այդպիսով առաջարկելով տնտեսական միություններին անդամակցության թեր և դեմ կողմերի քննարկումը շաղկապել քաղաքական խնդիրների հետ:
Տ.գ.դ. պրոֆեսոր, ֆինանսների ամբիոնի վարիչ Աշոտ Սալնազարյանն առաջարկեց տնտեսական անդամակցությունների արդյունքները Հայաստանի համար գնահատել միայն հաշվարկներով հիմնավորված տնտեսական արդյունքները դիտարկելով: «Ես չեմ կարող պնդել՝ որ անդամակցությունն է ճիշտ, եթե չկան գիտական մեթոդներով արված հաշվարկներ»,- ընդգծեց պրոֆեսորը: Նրան արձագանքեց «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, տ.գ.թ., դոցենտ Հարություն Թերզյանն՝ ընդգծելով, որ նման հաշվարկներ իրականում արվել և ներկայացվել են: Տ.գ.դ., դոցենտ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Թաթուլ Մկրտչյանն առաջարկեց հայացքը սևեռել դեպի ներս, այսինքն, նրա համոզմամբ, երկու անդամակցություններն էլ ունեն հնարավորություններ, որոնցից օգտվելու համար սակայն պետք է վերանայել մեր երկրի տնտեսական կառուցվածքը:
Տ.գ.դ., պրոֆեսոր, «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար Աշոտ Մաթևոսյանը գործընթացներում կարևորեց դրամավարկային քաղաքականության հարցերը՝ ընդգծելով, որ այստեղ ևս կան մարտահրավերներ: Տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանն իր խոսքում նախ դրական համարեց այն, որ այս օրերին երկրում մթնոլորտը հագեցած է այս թեմայի շուրջ քննարկումներով, ապա առաջարկեց հստակեցնել արտաքին շուկայում մեր տեղի ու դերի մասին գիտակցումը: «ԵՄ-ի հետ համաձայնագրի ամենակարևոր կետը ինձ համար տնտեսական դեմոկրատացման հնարավորությունն է»,- ասաց նա:
Առաջ քաշված մտքերին և մոտեցումներին արձագանքեց պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ անդրադառնալով անդամակցությունների հնարավորություններին, սպառնալիքներին, մեր երկրի և ժողովրդի դերին ու անելիքին:
Վերջում խոսք տրվեց նաև ՄՏՀ մասնագիտության ուսանողներին, ինչը գովելի համարեցին քննարկման անմիջական մասնակիցները՝ կարևորելով գիտական միջավայրում ուսանողների դրսևորման հնարավորությունը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին