ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերում. տեսանելի է դառնում արդյունքը

Դիտումների քանակ՝ 1150

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ներհամալսարանական գիտաուսումնական խմբերի հետազոտական նախագծերն աստիճանաբար շոշափելի արդյունք են արձանագրում: Այսօր մեկնարկեց գիտական սեմինարների մի նոր փուլ, որը կոչված է երևան հանելու կատարված ախատանքը:

Ողջունելով սեմինարի մասնակիցներին՝ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը նշեց, որ մեկնարկում է վերջին փուլը, որի արդյունավետությունը պետք է ներկայացվի համալսարանի ղեկավարությանը և գիտական խորհրդին:

«Ֆինանսական ծառայությունների հասանելիություն» խումբը՝ (ղեկավար, ՀՊՏՀ գիտության բաժնի պետ, տ.գ.թ., դոցենտ Խորեն Մխիթարյան) ամփոփ ներկայացրեց մինչ օրս կատարված աշխատանքը, որը, ինչպես մեզ հետ զրույցում նշեց խմբի անդամ, տ.գ.թ., դոցենտ Աղավնի Հակոբյանը, լույս է տեսնելու որպես կոլեկտիվ մենագրություն՝ կառուցված երեք գլուխներից, կոչվելու է «Ֆինանսական ծառայությունների հասանելիության ժամանակակից  հիմնախնդիրները և զարգացման գերակայությունները»: Նախագծի միակ միջազգային խմբի աշխատանքը կհրատարակվի անգլերեն:

Խորեն Մխիթարյանը սեմինարի մասնակիցներին տեղեկացրեց, որ հետազոտության հեղինակներն աշխատել են շատ փոքր ծավալ հատկացնել տեսական դրույթներին և առավել կարևորել են փաստական, վերլուծական, հետազոտական կողմը: Այնուհետև վերլուծության հիմնական արդյունքները ներկայացրեց Աղավնի Հակոբյանը՝ կանգ առնելով առաջին և երկրորդ գլխի վրա, որոնք հեղինակել են Խորեն Մխիթարյանի հետ միասին:

Զեկուցման իր խոսքում Աղավնի Հակոբյանը նշեց, որ առաջին գլխում ներկայացված են ֆինանսական հասանելիության տեսամեթոդական հիմնախնդիրները, երկրորդում՝ ՀՀ-ում առկա վիճակը, այն պայմանավորող գործոնները, սահմանափակումների պատճառները:

Խմբի անդամներ, ՀՊՏՀ սիրիացի մագիստրանտներ Մահմուդ Ալդելան, Ռանիմ Ալգաին և Շադի Ջենդին իրենց զեկուցումներում կանգ առան Սիրիայի Արաբական Հանրապետության բանկային համակարգի կառուցվածքի, Իսլամական բանկային համակարգի և ներդրումային հիմնախնդիրների վրա:

Սեմինարի ավարտին ծավալվեց քննարկում, հարցադրումներով հանդես եկան գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը և ուրիշներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին