Ներկայացվեց վերջնարդյունքը. հետազոտության կենտրոնում ՀՊՏՀ-ն է
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կայացավ «Ուսանողների (սպառողների) բավարարվածություն» գիտաուսումնական խմբի շնորհանդեսը՝ «ՀՊՏՀ ուսանողների բավարարվածության հետազոտություն» խորագրով, որին ներկա էին ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Սույն ԳՈւԽ ղեկավար, ՀՊՏՀ ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Կորյուն Աթոյանն իր ելույթում ընդգծեց, որ խմբի կողմից իրականացված հետազոտության անհրաժեշտությունը բխում է ՀՀ տարածքում կրթական ծառայություններ մատուցող շուկայում ՀՊՏՀ-ի ունեցած դիրքն ամրապնդելու և միջազգային շուկա ներթափանցելու անհրաժեշտությունից:
Խմբի ղեկավարը մասնավորեցրեց՝ կատարված հետազոտության շրջանակներում առաջին անգամ փորձ է արվել կրթական ծառայությունների մատուցման ոլորտում բացահայտելու սպառողների բավարարվածության աստիճանը՝ SERVQUAL մեթոդի կիրառմամբ, մշակվել է հարցաշար, ինչպես նաև հարցաթերթ, որը հնարավորություն է տվել բացահայտելու ՀՊՏՀ-ում մատուցվող կրթական ծառայությունների թույլ և ուժեղ կողմերը, բացահայտվել են ՀՊՏՀ-ում կրթական ծառայությունների մատուցման համակարգի բարելավման համար անհրաժեշտ մթնոլորտի ստեղծման ուղիները:
Նշված ԳՈւԽ անդամներն են՝ լեզուների ամբիոնի վարիչի ժ/պ , բ.գ.թ., դոցենտ Սուսաննա Չալաբյան, մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Նարեկ Ղուկասյան, ասպիրանտ Լուսինե Կիրակոսյան, մագիստրանտ Միլենա Մուշեղյան:
Նարեկ Ղուկասյանը, ամփոփ ներկայացնելով խմբի կողմից կատարված աշխատանքը, նշեց, որ իրենք հետազոտությունը համարում են կայացած, նույնիսկ՝ գերազանցվել են սպասելիքները:
Լեզուների ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Սուսաննա Չալաբյանը մասնավորապես անդրադարձավ TQM (որակի ամբողջական կառավարում) համակարգով որակի կառավարման հայեցակարգին, բացատրեց դրա էությունը, ներկայացրեց համակարգում կիրառվող 6 քայլ ընդգրկող կատարելագործման գործընթացը: Մագիստրանտ Միլենա Մուշեղյանը և ասպիրանտ Լուսինե Կիրակոսյանը հաջորդաբար ներկայացրեցին ուսանողների շրջանում կատարված հարցումների արդյունքներ. օրինակ, ՀՊՏՀ-ն որակյալ կրթություն է տալիս, թե ոչ հարցին հարցվածների 54 տոկոսը տվել է դրական պատասխան:
Ելույթներն ամփոփեց Նարեկ Ղուկասյանը՝ մեկնաբանելով հետազոտությունների արդյունքները:
Սեմինարի մասնակիցները հարցեր ուղղեցին հետազոտական խմբի անդամներին, հանդես եկան առաջարկություններով, ծավալվեց շահագրգիռ քննարկում:
Շնորհանդեսի ավարտին պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը հույս հայտնեց, որ խմբի համակողմանի ու խոր գիտական աշխատանքը պիտանի կլինի մեր համալսարանի հետագա գործունեության համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին