Գարնանային փառատոնի հաղթողը ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետն է

Դիտումների քանակ՝ 1367

ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր կայացավ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Ուսանողական գարուն-2015» մարզամշակութային փառատոնի երգի, պարի մրցույթը և փառատոնի պաշտոնական փակման արարողությունը, որին ներկա էին պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Միջոցառման սկզբում ուսանողական խորհրդի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին մեր բուհի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ներկայացուցիչներին՝ այս տարվա մարզամշակութային փառատոնի մարզական խաղերի անցկացմանը աջակցելու համար: Շնորհակալագրերով պարգևատրվեցին նշված ամբիոնի պրոֆեսորներ Լյովա Սամվելյանը, Սիմոն Հակոբյանը, դոցենտներ Կառլեն Սարգսյանը, Նորիկ Զաքոյանը, Գագիկ Վարդանյանը, ուսումնական վարպետ Մեսրոպ Ղուկասյանը, դասախոսներ Հակոբ Կյոկչյանը,Լյուդմիլա Հովհաննիսյանը, Էլիանորա Գրիգորյանը և այլք: Այնուհետև պատվոգրեր հանձնվեցին փառատոնի շրջանակում անցկացված միջֆակուլտետային բանավեճի մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցրած ֆակուլտետներին, 1-ին տեղը զբաղեցրած ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետը ստացավ նաև խորհրդանշական մրցանակ:

Երգի և պարի մրցույթում ուսանողները հանդես եկան հետաքրքիր ու գրավիչ բեմադրություններով, ամենատարբեր կերպարներով: Ուրախալի է նշել, որ մեր ուսանողների ներկայացրած երգերի ու պարերի հիմնական մասը հայկական էին. պարային և երաժշտական կատարումներում ՀՊՏՀ ուսանողուհիները կրում էին ազգային տարազներ:

Մրցութային կատարումներից հետո, մինչ մրցատյանը կորոշեր երգի և պարի մրցույթի  հաղթողներին, հնչեցին նաև ոչ մրցութային կատարումներ, ելույթ ունեցավ բուհի ՈւՀԱ անդամ Գևորգ Սահակյանը:

Եվ այսպես, պարի մրցույթում մրցանակային տեղերը բաշխվեցին այսպես. 1-ին տեղը զբաղեցրեց ֆինանսական ֆակուլտետը, 2-րդ տեղը՝ ՏԿ և ՄՏՀ, 3-ը՝ կառավարման ֆակուլտետները: Երգի մրցույթում լավագույնը հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետն է, 2-րդ և 3-րդ տեղերում, համապատասխանաբար, ՏԿ և ՄՏՀ և կառավարման ֆակուլտետներն են:

Հիշեցնենք, որ ՏԿ և ՄՏՀ և հաշվապահական հաշվառման  և աուդիտի ֆակուլտետները փառատոնի շրջանակներում անցկացվող սպորտային և ինտելեկտուալ մրցաշարերի արդյունքում ունեին 16-ական միավոր. այսօրվա մրցույթի արդյունքներից հետո պարզ դարձավ «Ուսանողական գարուն-2015» փառատոնի լավագույն ֆակուլտետը. այն տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետն է, որի ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանին  հանձնվեց փառատոնի գավաթը:

Այսպիսով, ավարտվեց շուրջ մեկ ամիս տևած, ուսանողական  ամենասիրված և սպասված փառատոնը. գեղեցիկ մարզական, ինտելեկտուալ խաղերով, երգի, պարի կատարումներով ուսանողները հարստացրեցին իրենց համալսարանական կյանքի հիշարժան ու գունեղ  պահերը:

Նշենք, որ «Ուսանողական գարուն-2015»-ը նվիրված էր ՀՊՏՀ հիմնադրման 85-ամյակին: Փառատոնն անցկացվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Շնորհավորում ենք ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետին, փառատոնի բոլոր մասնակիցներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին