Միջֆակուլտետային մարզական խաղերը եզրափակվեցին ֆուտզալում հաշվապահների հաղթանակով

Դիտումների քանակ՝ 1215

«Ուսանողական գարուն - 2015» փառատոնի շրջանակում միջֆակուլտետային  մարզական վերջին առաջնությունում մրցեցին ֆուտզալի ֆակուլտետային թիմերը: Մեկ շաբաթ տևած մրցաշարում արդյունքները բաշխվեցին հետևյալ կերպ. առաջատարը հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետն է, 2-րդ տեղում՝  ինֆորմատիկայի և վիճակագրության, 3-րդ տեղում ՝ ֆինանսական:

Ֆուտզալի առաջնության մրցավար, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ  Կառլեն Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեր ուսանողները ֆուտզալի գրագետ խաղերով  բազում հաջողություններ են արձանագրում ոչ միայն ներբուհական, այլև միջբուհական խաղերում: Մրցավարը, որպես  «Ուսանողական գարուն-2015»-ի ֆուտզալի առաջնության լավագույն ֆուտզալիստներ նշեց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողներ Արա Բաղդադյանին, Նարեկ Դավիթյանին, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի ուսանող Հակոբ Դոքմանյանին, ֆինանսական ֆակուլտետի  (հեռակա) ուսանող Անդրանիկ Կարապետյանին:

Նշենք, որ «Ուսանողական գարուն-2015»-ի շրջանակում մայիսի 22-ին Զինաիդա և Յուրի Սիմոնյանների անվան հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է հրաձգության մրցարշար, որին մասնակցել են  յուրաքանչյուր ֆակուլտետից երեքական հրաձիգներ: Մրցակցության արդյունքում բացարձակ հաղթանակ է նվաճել մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը: Երկրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետը, իսկ 3-րդ տեղում ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետն է:

Այսպիսով, փառատոնի շրջանակներում ավարտվեցին մարզական և ինտելեկտուալ խաղերը: Ինչպես տեղեկացնում են ուսխորհրդականները՝  արդյունքում ՏԿ և ՄՏՀ, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետները ունեն հավասար՝ 16-ական միավորներ:

Հունիսի 2-ին կկայանա «Ուսանողական գարուն-2015»-ի եզրափակիչ գալա համերգը, որի արդյունքներով  կվճռվի  փառատոնի հաղթող ֆակուլտետը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին