Մայիսյան ուշագրավ իրադարձությունները ՀՊՏՀ-ում
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը յուրաքանչյուր ամսվա սկզբին հետահայաց անդրադարձ է կատարում նախորդ ամսվա համալսարանական նշանակալի իրադարձություններին: Ներկայացնում ենք մայիսի ուշագրավ իրադարձությունները:
Մայիսի 5-ին ՀՊՏՀ-ում հյուրընկալվեց «Շուկայական տնտեսության զարգացման օրենսդրական մարտահրավերներ, կարգավորիչ ազդեցության գնահատում» թեմայով միջազգային խորհրդատու, «Կարգավորիչ գիլյոտինի» հեղինակ Սքոթ Յակոբսը (ԱՄՆ), որն իր հայաստանյան դասախոսությունների շրջանակներում ՀՊՏՀ մեծ դահլիճում մեր բուհում վերապատրաստվող քաղծառայողների համար հանդես եկավ դասախոսությամբ: Նշենք, որ քաղաքացիական ծառայողների համար դասախոսությունների շարքը նախաձեռնել էր ՀՀ Կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ:
Մայիսի 5-ին ՀՊՏՀ-ում մեկնարկեց 2015-2016 ուստարվա ընդունելությունը, ընդունող հանձնաժողովը սկսեց իր աշխատանքը, մայիսի 5-ին հայտագրվեց առաջին դիմորդը:
Մայիսի 6-ին ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանի և ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի միջև: Հուշագիրը նախատեսում է կադաստրի պետական կոմիտեի մասնագետների ներգրավմամբ, համալսարանների մասնագիտական ամբիոնների դասախոսների հետ համատեղ, ուսումնական պլաններին համապատասխան գործնական պարապմունքների, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների, սեմինարների կազմակերպում:
Մայիսի 8-ին «Անգլախոսների ակումբի» հերթական սեմինարին մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, լեզուների ամբիոնի վարիչի ժ/պ Սուսաննա Չալաբյանը, նույն ամբիոնի դասախոսները, ակումբի անդամները: Քննարկման թեման երջանկությունն էր: Ակումբի հյուրը Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանն էր:
Մայիսի 8-ին բուհում անցկացվեցին Եռատոնին նվիրված բաց դասեր՝ «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի նախաձեռնությամբ:
Մայիսի 9-ի Եռատոնի առիթով ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ Հաղթանակ զբոսայգի այցելեցին ՀՊՏՀ պրոռեկտորները, դեկանները, ամբիոնների վարիչները, փոխդեկանները, պրոֆեսորադասախոսական կազմի և վարչական ստորաբաժանումների ներկայացուցիչներ և ուսանողներ` ծաղիկներ խոնարհելով Անհայտ զինվորի հուշարձանի մոտ:
Մայիսի 11-ին մեկնարկեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Ուսանողական գարուն-2015» մարզամշակութային փառատոնը՝ շախմատային մրցաշարով:
Մայիսի 11-ին բուհում անցկացվեց ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ հերթական քննարկումը՝ նվիրված մեր երկրի գազամատակարարման և էլեկտրաէներգետիկայի ոլորտների հիմնախնդիրներին:
Մայիսի 13-ի ռեկտորատի նիստում, ներկայացնելով մանդատային հանձնաժողովի որոշումը, ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը նշեց, որ ՀՊՏՀ առկա և հեռակա բակալավրիատի, առկա և հեռակա մագիստրատուրայի 689 ուսանողի ուսման վարձ փոխհատուցվել է:
Մայիսի 13-ին բուհի մարզադահլիճում կայացավ «Ուսանողական գարուն-2015» փառատոնի բացումը, որին ներկա էր ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:
Մայիսի 14-ին ամփոփվեց «ՀՊՏՀ դուետ» նախագիծը, հաղթողների պարգևները հանձնեցին երգիչներ Նարեկ Մակարյանը և Գրիգոր Կյոկչյանը:
Մայիսի 15-ին լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ համալսարանում անցկացվեց ռուսաց լեզվի օլիմպիադա, որին մասնակցում էին բուհի բոլոր ֆակուլտետների բակալավրիատի առաջին կուրսերի լավագույն շուրջ 50 ուսանողներ: Օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին մայիսի 22-ին. 6 ուսանող արժանացավ պատվոգրի:
Մայիսի 14-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել էր Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը: Մայիսի 14-ին և 15-ին նախարարական գագաթաժողովին մասնակցել են ՀՊՏՀ ներկայացուցիչները՝ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ:
Մայիսի 18-ին ՈւԽ արտաքին կապերի հանձնաժողովի և Էթիկայի դպրոցի համատեղ նախաձեռնությամբ մեր բուհում կազմակերպվել էր «PR տեխնոլոգիաներ» խորագրով սեմինար, որը վարում էր հրավիրված բանախոս՝ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքների և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը: Ուսանողների հյուրն էր նաև Էթիկայի դպրոցի տնօրեն Գևորգ Մկրտչյանը:
Մայիսի 19-ին ռեկտոր Կորյուն Աթոյանն իր աշխատասենյակում հյուրընկալեց Բրիտանական լեյբորիստական կուսակցության քաղաքական գործիչ, ՀՊՏՀ Բրիտանական բիզնես դպրոցի հիմնադիր, Լոնդոնի կոմերցիայի դպրոցի խորհրդի նախագահ լորդ Ջոն Թոմլինսոնին, ով Հայաստանում էր` մասնակցելու ՀՀ Ազգային ժողովում անցկացվող ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին: Կորյուն Աթոյանն ու լորդ Ջոն Թոմլինսոնը քննարկել են Բրիտանական բիզնես դպրոցի գործունեությունը, արդյունքներն ու անելիքները:
Մայիսի 21-ին կայացած նիստում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի որոշման համաձայն՝ ՀՊՏՀ-ն և ՀՀ պետական կառավարման ակադեմիան 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացան:
Մայիսի 21-22-ը ՀՊՏՀ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանը մասնակցել է Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանում կայացած «Բելառուսի Հանրապետության տնտեսական աճ. գլոբալացում, նորաստեղծություն, կայունություն» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովին։
Մայիսի 24-ին Հայաստանի ֆուտզալի 2014-2015թթ. բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ տուրում ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը Վանաձորի «Թալգրիգ» թիմի նկատմամբ տարավ 8:3 հաշվով հաղթանակ՝ նվաճելով առաջնության բացարձակ չեմպիոնի պատվավոր տիտղոսը:
Մայիսին հրատարակված «Հանրային վարկանիշ» տեղեկատվական-վերլուծական ընկերության «Վարկանիշ. կրթություն և հասարակություն» խորագիրը կրող ամսագրում ՀՊՏՀ-ն հայտարարվել է որպես տնտեսագիտական կրթություն իրականացնող վարկանիշով առաջատար բուհ:
Մայիսի 29-ին եզրափակվեցին մայիսի 11-ին մեկնարկած «Ուսանողական գարուն-2015»-ի մարզական և ինտելեկտուալ խաղերը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին