«Ֆակուլտետը մնում է իր բարձունքում». մագիստրոսական թեզեր են պաշտպանում ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողները

Դիտումների քանակ՝ 1329

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում այսօր մագիստրոսական թեզեր էին պաշտպանում մաթեմատիկական մեթոդները և մոդելները տնտեսագիտության մեջ մասնագիտացման մագիստրանտները:

Ուսանողուհի Անուշ Մխիթարյանը թեզը պաշտպանեց առաջինը. «Առևտրային բանկերի ներդրումային գործունեության արդյունավետության էկոնոմետրիկ մոդելավորում (ՀՀ օրինակով)» թեմայով մագիստրոսական թեզը շրջանավարտը ներկայացրեց վստահ, անկաշկանդ և ժպիտով:  Թեզը պաշտպանելուց հետո մեզ հետ զրույցում Անուշը գոհունակություն հայտնեց  հանձնաժողովի  աշխատանքից,  նշեց, որ քննական մթնոլորտը չի առաջացնում ոչ մի լարվածություն, ինչն էլ թույլ է տալիս ազատ արտահայտվել: «Շատ ավելի լավ է, որ հանձնաժողովը հարցերը  տալիս է պաշտպանության ընթացքում, այլ ոչ թե վերջում: Ես ակնկալում եմ բարձր գնահատական»,-ասաց ուսանողուհին՝ հավելելով, որ ինքը գերազանցության (կարմիր) դիպլոմի հավակնորդ է:

Նշված մասնագիտացման ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության ներքին աուդիտի համակարգային և կարգավորման բաժնի պետ, տ.գ.թ. Մակիչ Խչեյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պաշտպանությունն ընթանում է պատշաճ, ներկայացվող թեմաները հետաքրքիր են, ստացված արդյունքները՝ բարձր:

«Դեռևս ընդգծված թերություններ չենք նկատել, պետք է նշել, որ այս ֆակուլտետը մնում է իր բարձունքում: Թեզերում ներկայացվում են  ոլորտային հետաքրքիր  մոտեցումներ, դատողություններն արվում են ճիշտ ուղղություններով, տրամաբանված և հիմնավոր»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Ֆակուլտետում ամփոփիչ  ատեստավորման գործընթացը  ընդհանուր առմամբ բնութագրելով՝  դեկան Մանուկ Մովսիսյանը նշեց, որ արդյունքը գոհացուցիչ է:

«Մինչև այժմ կայացած պաշտպանությունների (թե' մագիստրատուրայում, թե' բակալավրիատում) արդյունքները բավականին բարձր էին: Համեմատության համար նշենք, որ օրինակ, կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտության բակալավրիատում պաշտպանությունների արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը. 8 ուսանող ստացել է գերազանց (A), 4-ը՝ լավ (B), 5-ը՝ միջին (C )գնահատականներ: Մեկ այլ ավարտական, մագիստրոսական կուրսում արդյունքը հետևյալն է՝ 9 ուսանողից 5-ը արժանացել է գերազանց, 2-ը՝ լավ, 2-ը  միջին գնահատականների»,- ներկայացրեց դեկանը՝ նշելով, որ ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների մեծ մասը աշխատում է հենց մասնագիտությամբ և հաջողություններ արձանագրում նաև աշխատանքային ոլորտում:

Նշենք, որ ինֆորմատիկայի և ֆիճակագրության ֆակուլտետում ամփոփիչ ատեստավորման քննություններ կլինեն նաև մայիսի 26-ին և 27-ին:

Բոլորին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին