Վեց ուսանող արժանացավ պատվոգրի՝ ռուսաց լեզվի օլիմպիադային լավագույն մասնակցության համար
ՀՊՏՀ լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ մայիսի 15-ին մեր բուհում անցկացված ռուսաց լեզվի օլիմպիադայի արդյունքներն ամփոփվեցին այսօր, ամբիոնի նիստից առաջ, և հաղթող ուսանողները ամբիոնի վարիչի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:
Լեզուների ամբիոնի վարիչի ժ/պ, բ.գ.թ., դոցենտ Սուսաննա Չալաբյանը նշեց, որ ռուսերենի օլիմպիադային մասնակցած 50 ուսանողների աշխատանքներից առանձնացվել են 6 լավագույնները, որոնց պատվոգրեր են շնորհվել 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար:
Եվ այսպես, 1-ին տեղի (գերազանց մասնակցության համար) պատվոգիր ստացավ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողուհի Անի Խաչատրյանը, 2-րդ տեղի համար պատվոգրերի արժանացան հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողուհի Մանե Ավետիսյանը և մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողուհի Աննա Սայաթյանը: 3-րդ տեղի համար պատվոգրերի հասցեատերերն են ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետների ուսանողներ Սոնա Սարգսյանը, Հռիփսիմե Գալոյանը, Մանուկ Վարդանյանը: Հանձնելով պատվոգրերը` Սուսաննա Չալաբյանը ուսանողներին մաղթեց նորանոր ուսումնական ձեռքբերումներ:
1-ին տեղը զբաղեցրած Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում կարևորեց ռուսաց լեզվի դերը հատկապես ուսանողի համար:
«Շատ հպարտ եմ, որ բոլոր մասնակիցներից հենց ես զբաղեցրեցի 1-ին պատվավոր տեղը և ցանկանում եմ նշել, որ ինձ համար ռուսերենը մեծ դեր ունի: Տարածված կարծիք կա, որ օտար լեզուներից այժմ ավելի արդիական է անգլերենը, սակայն ինձ համար ռուսերենը ուրույն տեղ ունի: Բուհում մասնագիտական գրականությանը ավելի հաճախ հանդիպում ենք ռուսերենով, և ես կողմ եմ այն արտահայտությանը, որ ռուսերենը մեզ համար 2-րդ մայրենի լեզու է: Ռուսերենով հետաքրքրվել եմ դեռևս դպրոցական տարիներից, այժմ էլ փորձում եմ խորացնել գիտելիքներս: Հետաքրքիր էր բուհական օլիմպիադայի մասնակից , առավելևս հաղթող լինելը»,-ասաց ուսանողուհին:
Նշենք, որ ռուսաց լեզվի օլիմպիադային մասնակցում էին բուհի բոլոր ֆակուլտետների բակալավրիատի առաջին կուրսերի ուսանողներ:
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ