Գինի ընտրելը, մատուցելն ու վայելելը՝ յուրատեսակ արվեստ. բացառիկ դասը ուսանողներին մատուցեց սոմելյեն

Դիտումների քանակ՝ 1305

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի  զբոսաշրջության կառավարում մասնագիտության 3-րդ  կուրսի ուսանողներն այսօր  «Զբոսաշրջության ծառայությունների որակի կառավարում» առարկայից դասն անցկացրին բուհի  հարակից տարածքում գտնվող գողտրիկ վայրերից մեկում (սրճարան), որը հայտնի է հաճախորդներին բարձրորակ գինիների մատուցմամբ: Այս հետաքրքիր դասը նախաձեռնել էր հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ստեփան Մանթարլյանը:

Սոմելյե (գինու մասնագետ)  Քնարա Թարջումանյանը ուսանողներին ներկայացրեց գինու ընտրության, մատուցման, վայելելու հետ կապված մի շարք մանրամասներ: Ուսանողները տեղեկացան գինին վայելելուց առաջ «պտույտի» մասին, որը թույլ է տալիս զգալ բույրը, որոշել որակը: Մասնագետի խոսքով՝ յուրաքանչյուր տեսակի գինի ունի մատուցման իր առանձնահատկությունները, բաժակը: «Նույնիսկ բաժակից կարող է փոխվել գինու բույրը»,-բացահայտեց մասնագետը և ուսանողները դրանում համոզվեցին սեփական փորձով: Անդրադարձ կատարվեց նաև գինու տեսակներին, խոսվեց կարմիր և սպիտակ գինիների, դրանք ուտեստների հետ համադրելու մասին: Ներկայացվեցին նաև տարբեր երկրներում գինու հանդեպ մեծ սիրով աչքի ընկած մարդիկ, նրանց մոտեցումները. նշվեց, որ եվրոպացիների համար գինին հարգի խմիչք է, օրինակ, ֆրանսիացիները միջին հաշվով օրական 1 լիտր գինի են խմում, տարվա մեջ՝ 365 լիտր:

Ուսանողները համտեսեցին իտալական մեռլո և հայկական կարաս գինիները, փորձեցին տարբերակել դրանց բույրերը, համերը, իսկ մասնագետը հետևեց, որ նրանք կարողանան ճիշտ բռնել բաժակը և համտեսել գինին:

«Գինին զգայուն խմիչք է, այն ընկալում է շրջապատի էներգիան և հաղորդում ըմպողին»,-ասաց սոմելյեն՝ հավելելով, որ բացելուց հետո այն որոշակի ժամանակ պետք է մնա, շփվի օդի հետ, որից հետո նոր կարելի է վայելել:

Դասի ավարտին Ստեփան Մանթարլյանը շնորհակալություն հայտնեց Քնարա Թարջումանյանին՝ ուսանողներին իր գիտելիքնեերը ներկայացնելու, յուրատեսակ  դասախոսության համար:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Ստեփան Մանթարլյանն ընդգծեց, որ այսօր գինին աշխարհում մեծ պահանջարկ ունի և այս առումով կարևոր է, որ  զբոսաշրջության կառավարում մասնագիտության ուսանողները տեղյակ լինեն այն ամենին, ինչի մասին խոսվեց այս դասին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին