PR տեխնոլոգիաները բացահայտում են ՀՊՏՀ ուսանողները. բանախոս-հյուրն էր դոցենտ Նվարդ Մելքոնյանը

Դիտումների քանակ՝ 1612

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի և Էթիկայի դպրոցի համատեղ նախաձեռնությամբ այսօր մեր բուհում կազմակերպվել էր «PR տեխնոլոգիաներ» խորագրով սեմինար, որը վարում էր հրավիրված բանախոս՝ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքների և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը: Այսօր ուսանողների հյուրն էր նաև Էթիկայի դպրոցի տնօրեն Գևորգ Մկրտչյանը:

Ողջունելով ներկաներին՝ Նվարդ Մելքոնյանը նշեց, որ ուրախ է ՀՊՏՀ-ում կրկին  հյուրընկալվելու համար և ասաց, որ մեր բուհում վարել է «Կորպորատիվ PR» խորագրով դասընթաց՝ մարքեթինգի ֆակուլտետի ուսանողների համար և նկատել է, որ ուսանողները հետաքրքրված են «PR»-ով:

Ի՞նչ է  PR-ը. բազմաթիվ սահմանումներ, տեսակետներ, տարատեսակներ, առնչություններ, որոնք բանախոսը քննարկեց ուսանողների հետ՝ փորձելով նաև ստուգել նրանց գիտելիքները: Նվարդ Մելքոնյանը առանձին-առանձին անդրադարձավ PR-ի հիմնադիր-տեսաբաններին, մեջբերեց նրանց սահմանումները: Բանախոսը պատասխանեց ուսանողների հարցերին:

Դասընթացի երկրորդ հատվածում Էթիկայի դպրոցի տնօրեն Գևորգ Մկրտչյանը ներկայացրեց իրենց դպրոցի գործունեությունը (ապահովում է ոչ ֆորմալ կրթություն), առաքելությունը, դասավանդվող առարկաները (օրինակ՝ գրագետ խոսք, հռետորիկա և այլն), ընդունելության կարգը, այլ մանրամասներ:

Միջոցառման ավարտին ՈւԽ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արուսյակ Խուդավերդյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ բովանդակալից և հետաքրքիր ելույթների համար, հույս հայտնեց, որ նրանց հետ փոխգործակցությունը շարունակական կլինի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին