ՀՊՏՀ-ն կազմակերպել է eDrone նախագծի տեղեկատվական հանդիպում

Դիտումների քանակ՝ 1971

Մեր համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր առավոտյան մեկնարկել է «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող eDrone նախագծի տեղեկատվական հանդիպումը՝ «Էրազմուս+»-ի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի, հայաստանյան  գործընկերների, բուհերի, անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ հետաքրքրված կազմակերպությունների, ուսանողների  մասնակցությամբ: Միջոցառումը կազմակերպել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: Նշենք, որ eDrone նախագծի հայաստանյան գործընկեր բուհերն են ՀՊՏՀ-ն և Հայաստանի ազգային  պոլիտեխնիկական համալսարանը, ծրագրին մասնակից են արտասահմանյան մի շարք համալսարաններ՝ իտալական, ֆրանսիական, լեհական, ռումինական, վրացական, մոլդովական և բելառուսական: Համակարգողը իտալական Սաննիոյի համալսարանն է: Կոնսորցիումի գործընկեր համալսարանների ընդհանուր թիվը 17 է:

Բացման խոսքում Լանա Կառլովան անդրադարձավ նախագծի կարևորությանը՝ ընդգծելով, որ անօդաչու թռչող սարքերը լայն կիրառություն են ստանում, այնուհետև անդրադարձավ eDrone նախագծի աշխարհագրական ընդգրկմանը, մասնակից երկրների համագործակցությանը:

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը ներկայացրեց նախագծի նպատակը, այն է՝ նոր ուսումնական միջավայրի հիմնում, որը միտված է մասնագիտական գործունեության մեջ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների կիրառման կարողությունների զարգացման հնարավորությունների ընդլայնմանը, խոսեց նաև ակնկալվող վերջնարդյունքի մասին:

Նշվեց, որ ծրագրի  գործընկերների գերակշիռ մասը տեխնիկական բուհեր են, ուստի  ՀՊՏՀ-ն կարևոր դերակատարում է ստանձնել՝ բուհի գործողությունները հիմնականոմ միտված են լինելու մարքեթինգային աջակցության տրամադրմանը:

Արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Մարուքյանը զեկուցեց կատարված աշխատանքների, մասնավորապես, առաջին աշխատանքային փաթեթի արդյունքների մասին, ինչպես նաև ներկայացրեց ընթացիկ միջոցառումները և հետագա անելիքները:

Առաջին և երկրորդ աշխատանքային փաթեթների շրջանակներում արված կարիքների գնահատումները ամփոփվել են հաշվետվություններում: Օրենսդրական դաշտի վերաբերյալ կոնսորցիումի կողմից կազմած հաշվետվությունը տպագրվել է ՀՊՏՀ-ում և հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու հրատարակված նյութերին:

Հաջորդիվ, ըստ օրակարգի, զեկուցումներ ներկայացրին ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Լիլիթ Դադայանը և ՀԱՊՀ օդային տրանսպորտի շահագործման և կառավարման ամբիոնից՝ Հրաչյա Կարապետյանը:

Ի դեպ, դեկտեմբերի 6-9 ՀՊՏՀ ներկայացուցիչները Քիշնևում մասնակցելու են նախագծի համակարգող հանդիպմանը:

Ի դեպ, այս տեղեկատվական հանդիպումը eDrone նախագծի շրջանակում Հայաստանում թվով 3-րդ միջոցառումն էր: Ծրագիրը եռամյա է, կամփոփվի 2019 թվականին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին