Լույս է տեսել «Տնտեսագետի» նոր համարը

Դիտումների քանակ՝ 1304

«Տնտեսագետի» մարտ-ապրիլյան համարը լույս է ընծայվել:

Բովանդակությամբ ու ձևավորմամբ այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Տեղ են գտել հրապարակումներ, որոնք անդրադարձներ են պատմությանը, տնտեսական պատմությանը, մշակույթին, ինչպես նաև համալսարանի ուսանողների կազմակերած միջոցառումներին:

ՀՊՏՀ 85-ամյա հոբելյանի շրջանակներում ապրիլի 17-19-ին ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և ՀԵՀ նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվել է  «ՀՀ տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագրով «InHead» միջբուհական ուսանողական գիտաժողովը: Երկրորդ օրը գիտաժողովին մասնակցել են ՀՀ վարչապետ,  ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը: Ամսագիրն սկսվում է այս իրադարձության մասին պատմող հոդվածով, ապա շարունակվում ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարման 4 տարին ամփոփող հարցազրույցով, ռեկտորի այցով Սանկտ Պետերբուրգ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այցելությամբ մեր համալսարան:

Մարտ-ապրիլյան մայրության ու գեղեցկության տոների շրջանակներում «Տնտեսագետը» զրուցել է համալսարանի կին ամբիոնի վարիչների հետ ու ներկայացրել անցյալը, ներկան ու ապագան շաղկապող նրանց փոքրիկ պատմությունները:

«Եվրասիական տնտեսական ինտեգրման հեռանկարները. հայացք Հայաստանից» միջազգային գիտագործնական սեմինարի մասին ևս այս համարում կա ընդգրկուն հոդված:

«Տնտեսական խճանկարը» կրկին հարուստ է հետաքրքրական նորություններով, տեղ են գտել նախորդ համարում զետեղված խաչբառի պատասխանները: «Փորձագիտական հարթակը» պատմում է ապրանքի գեղարվեստական արտահայտչամիջոցի՝ գույների մասին: Լուսաբանված են ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերի, գիտխորհրդի աշխատանքները: Ներկայացված են «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագրով վերջին երկու կլոր սեղան-քննարկումները:

Երկու հերոսուհիների դիմանկարները կպատմեն համալսարանի անվանական կրթաթոշակառուների, «Մեր շնորհալիները» խորագիրը՝ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողի մասին:

Լրահոսում աշխատել ենք տեսադաշտից դուրս չթողնել ոչ մի կարևոր համալսարանական իրադարձություն:

«Վերծանելով արվեստի գաղտնագրերը» խորագիրը ներկայացնում է Անմոռուկ ծաղկի մասին տարբեր ժողովուրդների ավանդազրույցները, որի ոճավորված պատկերը Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների խորհրդանշանն է:

Մաղթում ենք հաճելի ընթերցում և, իհարկե, ակնկալում ենք արձագանքներ:

Ամսագիրը կարող եք ձեռք բերել այսօրվանից. ուսանողները` դիմելով դեկանատներ ու ընթերցասրահներ, դասախոսները` ամբիոններ: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։

ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) կարող եք ծանոթանալ նաև ամսագրի էլեկտրոնային տարբերակին հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին