Մայիսյան եռատոնը նշել են ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում մայիսի 8-ին կայացել է բաց դաս՝ նվիրված մայիսի 9-ի Եռատոնին: Դասը նախաձեռնել են «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները ու ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Վահե Վերդյանը. այս մասին մեզ տեղեկացրեց նշված ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը:
Միջոցառմանը մասնակցել են ֆակուլտետի դեկանը, փոխդեկանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Ողջույնի խոսքով հանդես են եկել դեկան Մանուկ Մովսիսյանը, «Նժդեհ» ակումբի փոխնախագահ Գրիգոր Ոսկերչյանը:
Ուսանողները ներկայացրել են Հայրենական պատերազմում հայ ժողովրդի տեղն ու դերը, մի շարք ուշագրավ փաստեր: Ցուցադրվել է «Հարսանիք լեռներում» կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում էր արցախյան հաղթանակների, Շուշիի ազատագրման մասին: Միջոցառման ավարտին անդրադարձ է կատարվել նաև հայոց բանակի ստեղծման և կազմավորման պատմությանը:
Մեզ հետ զրույցում Մանուկ Մովսիսյանը կարևորեց ֆակուլտետում նմանատիպ միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ դրանք պետք է շարունակական լինեն: «Մայիսյան հաղթանակները մեր պատմության լավագույն էջերից են, և ուրախալի է, որ ուսանողներն իրենց ժողովրդի պատմությունը շատ լավ գիտեն, լավ են ներկայացնում: Եռատոնին նվիրված միջոցառումը բավականին լավ էր կազմակերպված, ուսանողները խանդավառված էին»,-ասաց դեկանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին