ՀՊՏՀ ռեկտոր. Գովելի է մեր բուհում շախմատային մրցաշարերի անցկացումը. մեկնարկեց «Ուսանողական գարուն-2015»-ը (թարմացված)
Այսօր մեկնարկեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Ուսանողական գարուն-2015» մարզամշակութային փառատոնը՝ շախմատային մրցաշարով: Բուհի նախասրահում այսօր իրենց շախմատային ուժերը չափեցին համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողները: Մրցաշարին հետևում էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Ուսանողներին ոգևորելու համար մրցաշարին միացան նաև ռեկտոր Կորյուն Աթոյանը և պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը: Խրախուսական մրցախաղում հաղթեց ռեկտորը:
«Շատ եմ կարևորում մեր բուհում մարզական խաղերի անցկացումը, հատկապես գովելի է շախմատային մրցաշարերի անցկացումը: Գիտեք, որ շախմատը մեր երկրում արժանանում է առանձնահատուկ ուշադրության, և այս ոլորտում մեր ազգի ներկայացուցիչների հաղթանակները մեզ ազգային հպարտության բազում պահեր են պարգևել»,- մեզ հետ զրույցում նշեց ռեկտոր Կորյուն Աթոյանը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՈւԽ փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը նշեց, որ թեև փառատոնի մեկնարկը տրվեց այսօր, բայց առաջիկայում կկայանա հանդիսավոր բացումը:
«Փառատոնը կկայանա մարզական և մշակութային մասերով. առաջիկայում կկայանան վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտզալի և այլ մարզաձևերի միջֆակուլտետային առաջնությունները: Իսկ մշակութային մասում կկայանան երգի, պարի, նաև՝ ինտելեկտուալ մրցույթներ, բանավեճեր»,-ասաց ՈւԽ փոխնախագահը:
Շախմատի առաջնությունում մրցանակային տեղերը բաշխվեցին այսպես. 1-ին պատվավոր հորիզոնականը նվաճեց ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետը, 2-րդ տեղը՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի, 3-րդը՝ կառավարման ֆակուլտետները:
Շախմատային առաջնության մրցավարը ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս, շախմատի մարզիչ Լյուդմիլա Հովհաննիսյանն էր: Մարզիչը, ընդհանուր առմամբ, առաջնությունը բարձր գնահատեց:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին