Ուսանողները ծանոթանում են աուդիտորական միջազգային փորձին

Դիտումների քանակ՝ 1971

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանի նախաձեռնությամբ բանկային գործ և աուդիտ մասնագիտությունների 4-րդ կուրսերի ուսանողների համար այսօր դասախոսությամբ հանդես եկավ ամերիկյան ARC “Document Solutions INC”  ընկերության ներքին աուդիտի ղեկավար Մարինե Ղուշչյանը: Ինտերակտիվ հանդիպումը, որը կրում էր «Աուդիտը կորպորացիաներում և բանկերում» խորագիրը, «Կորպորատիվ ֆինանսներ» և «ֆինանսական պլանավորում» առարկաների շրջանակներում էր: Հյուրին ներկայացնելով՝ Վահե Միքայելյանը և  նշված առարկաների դասախոս, ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Լուսինե Հարությունյանը նշեցին, որ  լրացուցիչ դասախոսություններն ուղղված են ուսանողների գործնական գիտելիքների հարստացմանը և հույս հայտնեցին, որ դրանք ծառայում են նպատակին:

ԱՄՆ-ում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող  միջազգային աուդիտոր Մարինե Ղուշչյանն, սկսելով դասախոսությունը,  սկզբում անդրադարձավ աուդիտ մասնագիտության առանձնահատկություններին, գրավչությանը, պահանջարկին,  մրցունակ աուդիտորին անհրաժեշտ հմտություններին, այնուհետև պարզաբանեց կորպորացիաներում և բանկերում ներքին աուդիտ իրականացնելու գործընթացին առնչվող մի շարք հարցեր: Աուդիտորը մասնագիտական հարցերը քննարկում էր՝ զուգահեռ պատմելով ամերիկյան ընկերությունում աշխատելու նրբությունների մասին, ինչն  ուսանողների համար էլ ավելի ուշագրավ էր դարձնում հանդիպումը:

Մեզ հետ զրույցում Վահե Միքայելյանն ասաց, որ հաշվի առնելով նմանատիպ միջոցառումների արդյունավետությունը և ուսանողների հետաքրքրվածությունը, փորձառու մասնագետների դասախոսությունները մեր համալսարանում շարունակական կլինեն: «Հատկապես կարևոր է, որ բանախոսները միջազգային պրակտիկա ունեցող անձինք են, և ուսանողները նրանց միջոցով կարողանում են հաղորդակցվել օտարերկրյա փորձին, ծանոթանալ իրենց մասնագիտության մեջ կիրառվող թարմ մոտեցումներին»,-ասաց դեկանը:

Ի դեպ, Մարինե Ղուշչյանը ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի նախկին վարիչ /1991-2008թթ./,տ.գ.դ., պրոֆեսոր Համազ Ղուշչյանի դուստրն է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին