ՀՊՏՀ ներկայացուցիչներն այցելել են Գորիսի պետական համալսարան

Դիտումների քանակ՝ 1982

ԵՄ Տեմպուսի «Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում» (ESPAQ, №544261-TEMPUS-1-2013-1-BE-TEMPUS-SMGR) ծրագրի շրջանակներում նոյեմբերի 22-25-ը ՀՊՏՀ ներկայացուցիչները՝ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը և բաժնի առաջատար մասնագետներ Մարիա Պետրոսյանն ու Անի Բաղդասարյանը այցելել են Գորիսի պետական համալսարան։ Այցի նպատակն է եղել ներկայացնել ESPAQ ծրագիրը և դրա շրջանակում կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև անցկացնել ուսանողների ու համալսարանի աշխատակիցների համար նախատեսված աշխատաժողով՝ ուղղված որակի արտաքին և ներքին ապահովման համակարգերի ու գործընթացների ներկայացմանը և քննարկմանը, որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնմանը։

Աշխատաժողովին և տեղեկատվական հանդիպումներին մասնակցել են նաև ծրագրի գործընկեր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) որակի ապահովման բաժնի աշխատակիցները։

Ինչպես նախորդ տեղեկատվական այցերի ընթացքում, այս հանդիպմանը ևս ներկայացվել է ծրագրի բովանդակությունը, յուրաքանչյուր աշխատանքային փաթեթը, իրականացված աշխատանքները և հիմնական արդյունքները, որոնք կիրառելի են որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնման նպատակով։ Մասնավորապես, ՀՊՏՀ կողմից համակարգվող աշխատանքային չորրորդ՝ «Որակի ապահովման փորձաքննության սիմուլյացիաներ» փաթեթի շրջանակում անցկացվել են մի շարք վերապատրաստումներ, կազմակերպվել են հայաստանյան գործընկեր համալսարանների ուսանողների ուսումնական այցեր դեպի Իտալիա, Ռումինիա և Իսպանիա՝ ԵՄ գործընկեր համալսարաններ, որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու համալսարանների որակի ներքին ապահովման համակարգերին և գործընթացներին, ինչպես նաև տվյալ երկրի կրթության որակի ապահովման արտաքին համակարգերի առանձնահատկություններին։

Բացի դրանից, այս փաթեթով նախատեսված են եղել ուսանող-փորձագետների մի շարք վերապատրաստումներ և աշխատաժողովներ, որոնք ուղղված են եղել որակի ներքին ապահովման համակարգերի վերլուծության ու գնահատման համար անհրաժեշտ կարողությունների և գիտելիքների ձեռքբերմանը։ Աշխատանքային փաթեթի երկրորդ մասն առնչվել է որակի ապահովման արտաքին համակարգում ուսանողների մասնակցությանը, ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի փորձին և դրանում ուսանողների մասնակցության անհրաժեշտությանն ու  հնարավորություններին:

Այնուհետև, աշխատաժողովի ընթացքում համալսարանների ներկայացուցիչները մանրամասն անդրադարձել են Հայաստանում որակի ապահովման համակարգի ձևավորմանը և կայացմանը, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրմանը, ՀՊՏՀ և ՃՇՀԱՀ փորձին՝ համալսարաններում որակի ապահովման համակարգերի կայացմանը, իրականցվող գործընթացներին, շահակիցների և ուսանողների ներգրավման եղանակներին և ընթացակարգերին, ինչպես նաև ծրագրի շրջանակներում համալսարանների ձեռքբերումներին և արդյունքներին։

Ներկայացվել է նաև ուսումնառության ընդհանրական և առարկայական վերջնարդյունքների հենքով կրթական ծրագրերի մշակման ՀՊՏՀ փորձը և հաշվի առնելով, որ Գորիսի պետական համալսարանն անցնում է ինստիտուցիոնալ հավատարմագրում, համալսարանի աշխատակիցներին տրամադրվել է ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի և հետագա գործողությունների վերաբերյալ խորհրդատվություն:

Հիշեցնենք, որ ESPAQ-ը եռամյա ծրագիր է,  որի նպատակն է ընդլայնել ուսանողների՝ որպես ներքին շահակիցների ներգրավումը Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  espaq.eu/en/ ։

Լուսանկարները և տեղեկատվությունը տրամադրել է որակի ապահովման բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին