Նորաստեղծական համակարգի ձևավորման հիմնախնդիրների շուրջ՝ գիտաժողովի 2-րդ կլոր սեղանում
ՀՊՏՀ 27-րդ գիտաժողովի 2-րդ կլոր սեղանը, որը կայացավ այսօր, նվիրված էր Հայաստանի նորաստեղծական համակարգի ձևավորման հիմնախնդիրների և հեռանկարների քննարկմանը: Հանդիպումը մեկտեղել էր գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանին, ՀՊՏՀ գիտնականներին, երիտասարդ հետազոտողներին ու ասպիրանտներին: Կլոր սեղանը համակարգում էր «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանը, ով բացման խոսքում համառոտ անդրադարձավ գիտաուսումնական լաբորատորիայի գործունեությանը, նպատակներին և խնդիրներին:
Ատոմ Մարգարյանը ներկայացրեց առաջին զեկուցումը, որը նվիրված էր ՀՀ-ում նորաստեղծական համակարգի ձևավորման հիմնախնդիրներին և հնարավորություններին: Ազգային ինովացիոն համակարգի էությունը բացատրելով՝ դոցենտը շեշտադրեց, որ համակարգը խարսխված է գիտելիքի վրա, վերլուծեց Հայաստանում գիտության վիճակը, վերհանեց հիմնախնդիրները, հանդես եկավ առաջարկություններով: Զեկուցման մեջ արծարծված հարցերը լայն արձագանք ստացան, ծավալվեց բանավեճ:
Հաջորդիվ վերոնշյալ գիտաուսումնական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, տ.գ.թ., դոցենտ Հարություն Թերզյանը և մակրոէկոնոմիկայի ամբիոնի ասպիրանտ Էդգար Թաղարյանը զեկուցումներ ներկայացրին համապատասխանաբար՝ «Բարձր տեխնոլոգիաների արտահանման ծավալների վրա տնտեսության դիվերսիֆիկացման աստիճանի ազդեցության գնահատում» և «ՀՀ տնտեսական աճի տեխնոլոգիական առանձնահատկությունները» թեմաներով:
Ընդհանուր առմամբ, այսօրվա կլոր սեղանում քննարկման ներկայացվեցին հետևյալ հարցերը. ինչպե՞ս վերականգնել հիմնարար հետազոտությունների համակարգը (կառուցել նո՞րը, թե՞ արդիականացնել հինը), հնարավո՞ր է արդյոք գիտության և կրթության համապարփակ ինտեգրումը, ինչո՞ւ փոքր նորաստեղծական բիզնեսը դեռևս չի կայացել Հայաստանում, ինստիտուցիոնալ նորաստեղծությունների դժվարությունները և հեռանկարները Հայաստանում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին