Մեկնարկեց «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2015» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը. ՀՊՏՀ գիտությունը՝ հետաքրքրության առարկա (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1285

«Լոգոս էքսպո» կենտրոնի նախաձեռնությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկել է «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2015» 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը սկսվել է առավոտյան ժամը 10.00-ից, իսկ հանդիսավոր բացումը կայացավ ժամը 12.00-ին: Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը կատարեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ով  իր խոսքում ընդգծեց, որ կարիերայի միակ երաշխիքը որակյալ կրթությունն է, և հույս հայտնեց, որ այս կրթական ցուցահանդեսը իր ներդրումը կունենա այցելուների կարիերայում:

Հայաստանյան և մի շարք  արտասահմանյան բուհեր այս պահին  իրենց տաղավարներում  այցելուներին ներկայացնում են   իրենց կրթական ծրագրերը, ընդունելության քննությունների  կարգը, պատասխանում են այցելուներին հետաքրքրող  տարբեր հարցերի:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ներկայացված է թիվ 34  տաղավարում: Մեր բուհը ներկայացնում են կարիերայի և մարքեթինգի կենտրոնի գլխավոր մասնագետ Հերմինե Ղարագուլյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, ուսումնամեթոդական աշխատանքների և աշխատաշուկայի հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Մերի Դալլաքյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ճարտարագետ Բագրատ Մարգարյանը, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի լրագրող Նանե Ավանեսյանը: ՀՊՏՀ տաղավարին կից՝ 33 տաղավարում ներկայացված է Հայաստանում Բրիտանական բիզնես դպրոցը, որտեղ աշխատում են դպրոցի կառավարիչ Լիլյա Հովհաննիսյանը և աշխատակից Լուսինե Դանիելյանը:

Ինչպես ցուցահանեսի տաղավարից հաղորդում է ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Նանե Ավանեսյանը, կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանն այցելել է ՀՊՏՀ տաղավարներ՝  հետաքրքրվել Բրիտանական բիզնես դպրոցի կրթական ծրագրով, ինչպես նաև մեր
համալսարանում գիտության զարգացման հեռանկարներով: ՀՊՏՀ աշխատակիցները փոխնախարարին պատմել են «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գործունեության մասին:

Առավոտվանից ՀՊՏՀ-ն իր այցելուներին տրամադրում է բուհի պաշտոնական ամսագրի՝ «Տնտեսագետի», «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի, բուհի տեղեկատվական գրքույկների, «Ամբերդ» մատենաշարի օրինակներ, բուկլետներ, ՀՊՏՀ մակագրությամբ գրիչներ, կրծքանշաններ: Մեր համալսարանի տաղավարում ցուցադրվում է նաև ՀՊՏՀ գործունեության մասին պատմող տեսաֆիլմ: Մեր տաղավարը դիմորդների և ծնողների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, նրանք հիմնականում հետաքրքրվում են ընդունելության կարգով, ֆակուլտետներով, մասնագիտություններով: Մեր աշխատակիցները արդեն պատասխանել են տասնյակ այցելուների հարցերի:

Երևանի թիվ 94 դպրոցի մի խումբ աշակերտներ և նրանց ուսուցչուհին նշեցին, որ գրեթե ամբողջ դասարանը  ՀՊՏՀ դիմորդ է: Այս դասարանը հետաքրքրվում էր ՀՊՏՀ կրթական ծրագրերով: Մեզ մոտեցող ապագա տնտեսագետները խանդավառությամբ են խոսում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, հույս հայտնելով, որ շուտով կդառնան  տնտեսագիտական մայր բուհի ուսանողը:

Նշենք, որ ցուցահանդեսը եռօրյա է, այն կամփոփվի ապրիլի 23-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին