«Սեղմի՛ր ատամդ…». միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 2587

Մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսն այսօր հերթական մշակութային անակնկալը մատուցեց իր հանդիսատեսին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին այս շնորհաշատ ուսանողներով համալրված կուրսը չէր կարող լռել, նրանց հարուստ ու խորունկ աշխարհներում Հայոց մեծ վիշտը չէր կարող անարձագանք մնալ: Համալսարանի հանդիսասրահում կազմակերպված միջոցառումը ցույց տվեց, որ ուսանողները պատրաստվել էին՝ ջանալով զգուշությամբ մոտենալ թեմային, միաժամանակ ասելիքն արտահայտիչ ու ուժգին տեղ հասցնել, միաժամանակ չլինել լալահառաչ ու տխրաբեկ ու ցույց տալ, որ հայ ժողովրդի հավերժության ճանապարհը սկսված է:  Այս անգամ էլ իր շնորհալի դասընկերներին իր շուրջն էր համախմբել Աննա Ալավերդյանը, նրանց հրավերով դահլիճում էին գտնվում ոչ միայն պրոռեկտորները, դասախոսներ, դեկաններ ու ուսանողներ, այլև Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչները, Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Ռուբինա Փիրումյանը:

«Սեղմիր ատամդ»…. խորագիրը Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունից է, այն զսպվածության ու հպարտության կոչ է…. Սգա՛, բայց մի՛ ողբա, եղիր հպա՛րտ ու հավատով լեցուն. այս է մեծ բանաստեղծուհու պատգամը:

–Սեղմի՛ր ատամդ, դու ամենքի մոտ

Բացեիբաց լալու իրավունք չունես։

Թեկուզ վիրավոր, թեկուզ արնաքամ,

Զենքերդ տալու իրավունք չունես։

Դո´ւ հայ բանաստեղծ, ինչ էլ որ լինի,

Վերջին զինվորդ էլ ընկնի հուսահատ,

Քո ժողովրդի հավերժությանը

Չհավատալու իրավունք չունես:

Գրական-երաժշտական ցերեկույթը իրար էր շաղկապում խոսք ու երաժշտություն, երգ ու աղոթք, վիշտ ու հավատ:

Միջոցառման ավարտին իրենց ուսանողների կողքին բեմում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը, մարքեթինգի ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանը, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը:

Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, արտահայտելով իր հուզմունքն ու հիացմունքը գեղեցիկ ու բովանդակալից միջոցառման առիթով, նշեց, որ մեր ուսանողներն օրեր առաջ ուսանողական գիտաժողովում հիացրեցին բարձրաստիճան այրերին՝ Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի շրջանակներում ներկայացնելով տնտեսագիտական խորը ու համակողմանի վերլուծություններ: Նա նշեց, որ իր խորագրին հավատարիմ՝ այս միջոցառումը հավաստեց ու հավաստիացրեց, որ մենք լալու իրավունք չունենք, քանզի հպարտ ժողովրդի զավակներն ենք, քանզի ունենք քաղաքակրթության մի բարձր աստիճան, երբ կարող ենք կրթել այլ ազգերի, քանզի ունենք այնպիսի երիտասարդություն, ինչպիսին այսօր բեմում էր՝ շնորհաշատ, հպարտ ու ինքնաբավ:

Ուսանողներին նախաձեռնության ու հրաշալի իրականացման համար շնորհակալություն հայտնեց մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը՝ նշելով, որ հայոց ցեղասպանության չմոխրացող ցավն իր 100-ամյա տարեգրությամբ յուրաքանչյուր հայի համար դարձել է քայլող հիշողություն, և մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսի ուանողները ևս մեկ անգամ ազդարարեցին ի լուր աշխարհի, որ մենք հիշում ենք և պահանջում:

Գրական-երաժշտական ցերեկույթի կազմակերպիչներին ու մասնակիցներին իր սրտի խոսքը հղեց Հայ կրթական հիմնարկության բարերարներից մեկը՝ Ալիս Պետրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով գեղեցիկ մտահղացման ու մատուցման համար:

 

 

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն` այստեղ