ՀՊՏՀ-ն՝ Համալսարանների եվրասիական ասոցացիայի անդամ
Ապրիլի 15-ին և 16-ին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը երկօրյա այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու Համալսարանների եվրասիական ասոցացիայի 13-րդ համագումարին և «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» 3-րդ միջազգային համաժողովին:
Համալսարանների եվրասիական ասոցացիայի հրավերով ՀՊՏՀ ռեկտորը ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է վերոնշյալ ասոցացիայի 13-րդ համագումարին, որտեղ քննարկվել են արդի պայմաններում ասոցացիայի անդամ համալսարանների համագործակցության հիմնական ուղղությունները, գործունեության կազմակերպական հարցերը:
Համալսարանների եվրասիական ասոցացիայի 13-րդ համագումարի որոշմամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դարձել է ասոցացիայի անդամ, և ռեկտոր Կորյուն Աթոյանին է հանձնվել այս իրադարձությունն ամրագրող դիպլոմը:
Ապրիլի 16-ին ռեկտոր Կորյուն Աթոյանը մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» երրորդ միջազգային համաժողովին, որտեղ ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Կրթական հարցերով կլոր սեղանին, որն ընթանում էր «Ընդհանուր մարդասիրական եվրասիական տարածքը վստահության համաշխարհային ճգնաժամի պայմաններում» խորագրով, ռեկտորը ելույթ է ունեցել «ԵՏՄ երկրների բարձրագույն կրթության ինտեգրման հեռանկարները» թեմայով զեկուցմամբ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին