ՀՊՏՀ-ն կհամախմբի տարբեր բուհերի տնտեսագետ-ուսանողներին. վաղը Ծաղկաձորում կմեկնարկի “INhead” միջբուհական ուսանողական գիտաժողովը

Դիտումների քանակ՝ 948

ՀՊՏՀ  85-ամյա հոբելյանի առիթով բուհի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ վաղը՝ ապրիլի 17-ին Ծաղկաձորում կմեկնարկի «ՀՀ տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագիրը կրող “INhead” միջբուհական ուսանողական գիտաժողովը:

Մեր համալսարանի ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Անի Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գիտաժողովի մասնակից կամ զեկուցող ընտրված  ուսանողներն արդեն տեղեկացվել են, մասնակիցները վաղն առավոտյան ՀՊՏՀ-ից կմեկնեն Ծաղկաձոր:

«Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով ելույթ կունենան ընդհանուր թվով 18 ուսանողներ, իսկ ընդհանուր առմամբ՝ գիտաժողովը կունենա 120 մասնակից, որոնց թվում՝ դասախոսներ, ուսանողներ, ժյուրիի անդամներ: Մասնակիցները  տնտեսագիտական ֆակուլտետ ունեցող հայաստանյան բուհերի ուսանողներ են՝ ԵՊՀ-ից, Սլավոնականից և այլն»,-ասաց ուսումնագիտական հանձնաժողովի նախագահը, հավելելով, որ վաղը կկայանա գիտաժողովի հանդիսավոր բացումը, որը նախատեսվում է ժամը 15.30-ին, կխոսվի գիտաժողովի օրակարգի, խորագրի և այլնի մասին: Ապրիլի 18-ին գիտաժողովը կհյուրընկալի պաշտոնատար անձանց, իսկ 19-ին կամփոփվեն արդյունքները:

Հիշեցնենք, որ համալսարանի հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպված այս գիտաժողովի հիմնական նպատակներից մեկն է նաև անդրադառնալ Հայոց Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած նյութական վնասներին և դրանց փոխհատուցման հնարավորություններին: Կազմակերպիչները նախատեսում են, որ գիտաժողովի ընթացքում ինտերակտիվ դասախոսություններով հանդես կգան տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ՝ քննարկումների և փորձի փոխանակման հնարավորություն ընձեռելով:

Գիտաժողովին մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին